Հայաստանը ցանկանում է, որ Իսրայելը դադարի զենք մատակարարել Ադրբեջանին
Հայաստանը ցանկանում է, որ Իսրայելը դադարի զենք մատակարարել Ադրբեջանին, բայց հայկական կողմը սա Իսրայելի հետ հարաբերությունների բարելավման պայման չի դնում։ Այս մասին «The Jerusalem Post»-ի հարցազրույցում ասել է Հայաստանի փոխարտգործնախարար Գրիգոր Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանը «կողջուներ այն իրավիճակը», եթե Իսրայելը վարվեր, ինչպես ԱՄՆ-ը եւ եվրոպական երկրների մեծ մասը եւ զենք չմատակարարեր ոչ Հայաստանին, ոչ Ադրբեջանին։ Հովհաննիսյանը նշել է, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի, եւ զենքի վաճառքը Ադրբեջանին միայն սպառազինությունների մրցավազք է հրահրում։ Նա ընդգծել է, որ Հայաստանը ցանկանում է, որպեսզի նրա բարեկամներն իմանան, որ Ադրբեջանին զենք վաճառելը «դուրս է պարզ գործարար գործարքից եւ հետեւանքներ ունի»։ «Մենք այնքան էլ հարուստ երկիր չենք, եւ մենք պետք է մեր ՀՆԱ զգալի մասը հետ գցենք դիմակայության համար՝ ամեն անգամ, երբ Ադրբեջանը Իսրայելից տեխնիկա է ստանում»,- ասել է նա։ Նա միեւնույն ժամանակ ավելացրել է, որ Հայաստանը «չի բացառում նաեւ համագործակցության հնարավորությունը Իսրայելի պաշտպանական հատվածի հետ»։ Հովհաննիսյանը նշել է, որ դա կապերի բարելավման նախապայման չէ, «քանի որ մենք գիտենք, որ որոշ երրորդ երկրներ նույնպես նույն բանն են անում»։

Քաղաքականություն

Պատահարներ