Կոտայքում խոշոր ներդրումներ կլինեն ու 3000 աշխատատեղ կստեղծվի. Ռ. Պետրոսյան
Հայաստանի Կոտայքի մարզում ադամանդագործության ոլորտում նկատելի ակտիվություն է արձանագրվել: Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ Աբովյան քաղաքում ներկայում ադամանդագործության ոլորտում գործում է 80-100 աշխատատեղ ունեցող ընկերություն: Առաջիկայում այս ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների թիվը կավելանա: «Կան գործարարներ, որոնք, պայմանավորված հետհեղափոխական քաղաքական իրադրությամբ, մտադրված են Աբովյանում աշխատելով, ներգրավել խոշոր ներդրումներ: Այդ ուղղությամբ կոնկրետ քայլեր արդեն իրականացվում են: Վերջերս սկսվել են մեծ ծավալով շինարարական աշխատանքներ Աբովյանում՝ նախկին «Սիրուս» գործարանի տարածքում: Այդտեղ են կահավորվելու ադամանդագործության արտադրամասերը: Նախատեսվում է, որ Հոնկոնգում, Դուբայում գործող ադամանդագործական ընկերությունները գրասենյակ կբացեն Աբովյանում և արտադրություն կսկսեն: Այսինքն՝ այդ ընկերությունների արտադրական արդյունքը կլինի Հայաստանում: Բիզնես պլանի համաձայն՝ առաջիկա տարիներին նախատեսվում է 3 հազար աշխատատեղ ստեղծել»,-ասաց Ռոմանոս Պետրոսյանը: Նա տեղեկացրեց, որ ընկերությունները նախատեսում են նաև ուսուցման ծրագիր իրականացնել, որ շինարարության ավարտին զուգահեռ վերապատրաստված մասնագետներ լինեն: Մարզպետը տեղեկացրեց, որ արդեն հանդիպել է գործարարներին: Նա իր աջակցությունն է հայտնել նրանց: Մարզպետը նշեց, որ այս պահին էլ մարզում գործում է 7-8 ադամանդագործական միջին ձեռնարկություն, որոնց արտադրանքն արտահանվում է ռուսական, եվրոպական շուկաներ: Հաջորդ ուղղությունը, որ մարզը զարգացնում է, զբոսաշրջությունն է: Այդ շրջանակում ներկայում երկու խոշոր հյուրանոցային համալիրների կառուցման ծրագիր է իրականացվում: Դրանից բացի, բարձր լեռնային բնակավայրերում աշխատանքներ են ընթանում էկոտուրիզմի ենթակառուցվածքների զարգացման, ներդրումներ բերելու առումով: «Դրա վառ օրինակը Լեռնանիստ համայնքում ձմեռային տուրիզմի զարգացման ծրագրերն են: Ենթակառուցվածքների զարգացմանը զուգահեռ տեղեկատվական լուրջ աշխատանք տարվեց, որից հետո տուրիստական ակտիվությունը նկատելի էր: Կցանկանայի նշել Սևաբերդում էկոգյուղի ծրագրի մասին, որը նույնպես ընթացքի մեջ է: Ամբողջացվում է նախագծանախահաշվային փաթեթը»,-ասաց մարզպետը: Ռոմանոս Պետրոսյանը նշեց, որ մարզի համար կարևոր ուղղություններից է ինտենսիվ այգեգործությունը, տեխնոլոգիական գյուղատնտեսությունը: Ըստ նրա՝ այս ուղղությամբ էլ կա առաջընթաց: Մարզում շուրջ 90 հա ջերմոցային տնտեսություն կա, ևս 17 հա չորս համայնքում ներկայում հիմնվում է: Ծրագրեր են նախատեսված վերականգնվող էներգետիկայի ոլորտում: Առկա է իտալա-իսպանական համատեղ ձեռնարկության հետ կնքված հուշագիր, որի համաձայն՝ մարզում կկառուցվեն հողմակայաններ: Դրանից բացի, արևային կայաններ կկառուցվեն մի շարք համայնքներում: «Ի դեպ, ուզում եմ նշել վերելակների արտադրության մասին: Չարենցավանում կհիմնվի 60-70 աշխատատեղով վերելակների արտադրությամբ զբաղվող ընկերություն: Չինական կողմի այցին ենք սպասում՝ տարածքի հարցը հստակեցնելու համար: Նրանց կողմից ներկայացված չափանիշներին համապատասխան մենք առանձնացրել ենք 5 տարածք, որից էլ չինական կողմը կընտրի հարմարը»,-ասաց նա: Մարզպետի խոսքով, իրենց հաշվարկներով, ընթացիկ տարվա համար նախատեսված ծրագրերով կհիմնվի 1000-ից ավելի աշխատատեղ:

Քաղաքականություն

Պատահարներ