Մնում է տեղում դոփել ու պատրաստվել սերիալի հաջորդ սեզոնին. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Որքանով հանրության ընդհանրական գիտակցությունը պարզունակ է, մշակույթը՝ մակերեսային, չափորոշիչները՝ մշուշոտ, այնքանով նրան կարելի է կառավարել ինֆորմացիոն ֆեյքերով, անիմաստ քննարկումներով, չհիմանորված խոստումներով։ Դեգրադացված գիտակցությունը որոնում է մի որևէ հենման կետ, որևէ փրկչի կերպար և որքանով փրկիչն էքսցենտրիկ ու հիստերիկ լինի, այնքանով նա համոզիչ ու տպավորիչ է, իսկ պարզունակ դատողությունները՝ խորիմաստ ու հեռանկարային։ Բարդ մտքերը, երկարատև լուծումները, աշխատանք պահանջող գործունեությունը նման զանգվածի համար անընդունելի է։ Փրկության բանաձևերը պետք է լինեն պարզ ու տեղավորվեն կարճ կարգախոսներ մեջ և ամենակարևորը՝ լինեն հասանելի ցանկացած շահառուի համար։ Փրկիչն ամենակարող է, որի տապալումից ու հոշոտվելուց հետո նոր փրկչի որոնումները՝ կանխատեսելի։ Դեգրադացված գիտակցության համար չհիմնավորված սպասումներին չհավատացողը դառնում է թշնամի, չուզող, իսկ չհիմնավորված սպասումների տապալումներից հետո որոնում է մեղավորին։ Մի ծայրահեղությունից մյուս ծայրահեղությունն ընկնող զանգվածը պատրաստ չէ քննարկումների, փաստարկների ու հակափաստարկների, իսկ ստեղծագործական միտքը դավադրության աղբյուր է։ Մի խոսքով ելքերն ու մուտքերը խառնվել են իրար, մնում է տեղում դոփել ու սպասել հանգուցալուծմանը, որից հետո պատրաստվել սերիալի հաջորդ սեզոնին»,- ասված է նրա գրառման մեջ։

Քաղաքականություն

Պատահարներ