Պետությանը պատճառվել է 11.877.000 ՀՀ դրամի վնաս. 6 անձ ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով իրականացված լայնածավալ քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսության մասնաճյուղում տեղի ունեցած ապօրինի ծառահատումների, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, կաշառք տալու և կաշառք ստանալու վերաբերյալ. հարուցվել է նոր քրեական գործ. ձերբակալվել է 6 անձ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության, ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության և ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված համատեղ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ: Մասնավորապես՝ պարզվել է, որ նույն անտառտնտեսության մասնաճյուղի Ստեփանավանի անտառպետության տարբեր պահաբաժիններում ապօրինի կերպով հատվել են շուրջ 191 հատ տարբեր տեսակի և տրամագծերի ծառեր՝ պետությանը պատճառելով 11.877.000 ՀՀ դրամի վնաս: Բացի դրանից, տվյալներ են ձեռք բերվել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսության մասնաճյուղի պաշտոնատար անձ հանդիսացող աշխատակիցների կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, կաշառք տալու և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կաշառք ստանալու նոր դեպքերի մասին: Իրականցվել են մեծածավալ քննչական և դատավարական գործողություններ, այդ թվում՝ հարցաքննվել են մի շարք անձինք, խուզարկություններ են իրականացվել Ստեփանավան քաղաքի և դրան հարակից գյուղերում գտնվող հիշյալ ապօրինի ծառահատումներն իրականացրած կամ դրանց հետ առնչություն ունեցող բազմաթիվ անձանց բնակարաններում: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 312-րդ հոդվածի 1-ին մասով և որոշում կայացվել՝ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործին միացնելու վերաբերյալ: Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում 6 անձ ձերբակալվել է, որոնք ցուցմունք են տվել դեպքի վերաբերյալ: Ապօրինի ծառահատումների արդյունքում պետությանը պատճառված վնասի մի մասը վերականգնվել է: Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են ակտիվ քննչական միջոցառումներ՝ բոլոր հանգամանքները պարզելու, հնարավոր այլ հանցակիցներին հայտնաբերելու ուղղությամբ։

Քաղաքականություն

Պատահարներ