ՏԵՍԱՆՅՈՒԹ․Սպասարկման սրահից բջջային հեռախոս է հափշտակել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու հեռահաղորդակցական ընկերության՝ Երևան քաղաքում գործող սպասարկման սրահից բջջային հեռախոսն առերևույթ հափշտակելու դեպքի հանգամանքները: 2018թ. հոկտեմբերի 25-ին ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժնում հաղորդում է ստացվել առ այն, որ առերևույթ հանցագործություն կատարած անձը հեռահաղորդակցական ընկերության՝ Երևան քաղաքի Տերյան փողոցում գործող սպասարկման սրահի ցուցափեղկի վրայից գաղտնի հափշտակել է «HTC» մոդելի բջջային հեռախոս՝ պատճառելով գույքային վնաս: Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում: Նախաքննության ընթացքում տուժողի ներկայացուցչի կողմից վարույթն իրականացնող մարմնին տրամադրվել է ընկերության սրահում գործող անվտանգության տեսախցիկների տեսագրությունը, ենթարկվել զննության։ Տեսագրության մեջ հստակ երևում է անհայտ անձի կողմից կատարված հափշտակության դեպքը: Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսապատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ։ Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմին, կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

Քաղաքականություն

Պատահարներ