300-ի փոխարեն ընդամենը 12 մարդ․ ապամոնտաժվող սրճարաններում աշխատողների թիվը․ Կուբատյան
Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության վարչության պետ Հովսեփ Կուբատյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման հարցին, նշելով․ «300-ի փոխարեն աշխատում է ընդամենը 12 մարդ։ Այսօր օպերայի տարածքում գործունեություն ծավալող տնտեսվարողները նաև պնդում էին, թե սրճարանները ապամոտաժվելու դեպքում մոտ 300 աշխատատեղ կփակվի և այդքան մարդ կմնա գործազուրկ։ Պարզվում է, որ տնտեսվարողները կամ իրենց շահը առաջ բրդելու համար փորձում են մոլորության մեջ գցել հանրությանը, կամ հարյուրավոր չգրանցված աշխատողներ ունեն։ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի կայքեջում՝ 1000plus.am-ում տնտեսվարողի ՀՎՀՀ-ն իմանալու դեպքում կարելի է հեշտությամբ գտնել տնտեսվարողների կողմից պարտադիր վճարվող գումարները։ Հիշեցնեմ, որ ամեն աշխատակցի համար ամեն տնտեսվարող վճարում է 1000 դրամ։ Տնտեսվարողների ՀՎՀՀ-ն էլ, կարելի գտնել ՊԵԿ-ի կայքում, եթե գիտես տնտեսվարողի անունը։ Եվ այսպես, կատարելով մի քանի պարզ գործողություն պարզեցի, որ «Անիվների վրա» ՍՊԸ-ն, որը օպերայի տարածքում զբաղեցնում է 565 քմ տարածք, 2019 թվականի հունվարի 31-ի դրությամբ ունեցել է 1 աշխատող։ Անցյալ տարի պատկերը նույն է։ Սեզոնի պիկին հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ամիսներին նույնպես աշխատակիցների թիվը մեկն է։ «Ատլանտիս Գարդեն» ՍՊԸ-ն, որը փաստացի զբաղեցնում է 1536 քմ տարածք 2019 թվականի հունվարի 31-ի դրությամբ ունեցել է 10 աշխատող։ Անցյալ տարի՝ սրճարանային սեզոոնի պիկին՝ հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ամիսներին աշխատակիցների քանակը եղել է 28։ «Համանվագ» ՍՊԸ-ն, որը փաստացի զբաղեցնում է 756 քմ տարածք, 2019 թվականի հունվարի 31-ի դրությամբ ունեցել է 1 աշխատող։ Անցյալ տարի՝ սրճարանային սեզոոնի պիկին՝ հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ամիսներին աշխատակիցների քանակը եղել է երկուսը»։

Քաղաքականություն