Դաժան սպանություն. Տավուշի մարզում որդին կացնի մի քանի հարվածով սպանել է մորը
Այսօր՝ մարտի 15-ին, առանձնակի դաժանության սպանություն է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Այգեհովիտ գյուղի տներից մեկի պատշգամբում կնոջ դի կա: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan. com-ից։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ոստիկանության Տավուշի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Վահե Ղազարյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ։ ժամանել է նաև ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գեորգի Միրզոյանի գլխավորությամբ: Ահազանգով ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Իջևանի քննչական բաժնի խումբը՝ քննչական բաժնի պետ Արթուր Մովսիսյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները նշված տան պատշգամբում հայտնաբերել են տանտիրոջ՝ 80-ամյա Օսան Սիմոնյանի դին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, մարմնի վրա կան կացնի մի քանի հարվածի հետքեր: Մինչ դատաբժիշկը տեղում դիակի զննություն էր կատարում, Տավուշի մարզիչ քննիչները տաք հետքերով նշված սպանությունը կատարելու կասկածանքով Իջևանի ոստիկանություն են բերման ենթարկել սպանվածի տղային՝ 61-ամյա Սարգիս Սիմոնյանին: Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, օպերատիվորեն ժամանել են նաև Տավուշի մարզի դատախազն ու դատախազի տեղակալը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ոստիկանությունն ու քննիչները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք հանդիսացող կացինը։

Քաղաքականություն

Պատահարներ