Հայաստանում նվազել է տաքսի ծառայություն մատուցողների թիվը
Նախորդ տարվա համեմատ Հայաստանում այսօր գործում են ավելի քիչ մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների իրականացնող կազմակերպություններ, անհատ ձեռներեցներ և ֆիզիկական անձիք։ Այս մասին պարզ է դառնում Tert.am-ի՝ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն ուղարկված հարցման պատասխանից։ Լրատվամիջոցի հարցին, թե այս ընթացքում քանի կազմակերպություն և անհատ ձեռներեց է հրաժարվել տաքսի ծառայություն մատուցելու լիցենզիայից, նախարարությունից պատասխանել են. «2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ փաստացի գործում էին մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ իրականացնելու համար լիցենզիա ունեցող 171 կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր՝ 2775 ներդիրներով (մեքենաներով) և 5086 լիցենզիա ունեցող ֆիզիկական անձինք՝ մեկ ներդիրով (մեքենայով): 2019 թվականի մարտի 7-ի դրությամբ փաստացի գործում են լիցենզավորված 153 կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր՝ 2489 ներդիրներով (մեքենաներով) և 2790 լիցենզավորված ֆիզիկական անձիք՝ մեկ ներդիրով (մեքենայով)»։ Հարցման պատասխանից պարզ է դառնում, որ մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների իրականացնելու համար լիցենզիա ունեցող կազմակերպությունների թիվը նվազել է 18-ով, անհատ ձեռնարկատերերինը՝ 286-ով, իսկ լիցենզավորված ֆիզիկական անձանց թիվը նվազել է 229-ով։ Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարարել է, որ անհատ տաքսու վարորդները կազատվեն արտոնագրային վճարից, սակայն դեռևս օրենքում փոփոխություն չի եղել։

Քաղաքականություն

Պատահարներ