Ձորագետում խեղդված երեխան ձորից ընկել է էքսկուրսիայի ժամանակ. Հարությունյան
Լոռի Բերդում հարակից ձորն ընկած ու խեղդված երեխան Ստեփանավանի միջնակարգ 6-րդ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ 15-ամյա Ալեքսանդր Պեպանյանն էր: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: «Քիչ առաջ տեղեկացա Ստեփանավանում ողբերգական դեպքի մասին: Էքսկուրսիայի ժամանակ Ստեփանավան քաղաքում` Լոռի Բերդում, 150-200 մետր բարձրությունից կիրճն է գլորվել Ստեփանավանի միջնակարգ 6-րդ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ 15-ամյա Ալեքսանդր Պեպանյանը: Զրուցեցի նաև տնօրենի հետ, ով մանրամասներ ներկայացրեց ողբերգական այս դեպքի վերաբերյալ: Խնդրեցի ցավակցությունս փոխանցել աշակերտի համադասարանցիներին, ուսուցիչներին և տղայի ծնոներին: Հ.Գ. Շատ եմ խնդրում դասավարներին և ծնողական խորհուրդներին ուշադիր լինել աշակերտներին էքսկուրսիաների տանելիս»,-գրել է նախարարը: Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԻՆ-ից հայտնել էին, որ ժամը 16:45-ին փրկարարները Աշոտ Երկաթի ամրոցին հարակից կիրճի գետափնյա հատվածում անգիտակից վիճակում (կենդանության նշանները բացակայել են) հայտնաբերել էին Ա.Պ.-ին (ծնված 2004թ.): Ժամը 17:15-ին շտապօգնության բժիշկը հաստատել էր Ա.Պ.-ի մահը:

Քաղաքականություն

Պատահարներ