Տնօրենը հասկացել է, որ Ավշարի դպրոցում համատեղ աշխատանքը չի ստացվում. Փոխտնօրեն
Ավշարի դպրոցում այսօր ժողով է եղել, տնօրեն Հերմինե Անդրեասյանն էլ հասկացավ, որ համատեղ աշխատանքը չի ստացվի: Այս մասին Tert. am-ի հետ զրույցում ասաց դպրոցի փոխտնօրեն Ռեգինա Սիմոնյանը: «Տնօրենին ուսուցիչներն ասացին` չի ստացվում մեր համատեղ աշխատանքը: Ինքն էլ, կարծում եմ, համոզվեց, որ համատեղ աշխատանքը պարզապես չի ստացվում, որովհետև ոչ մի ձևով երկխոսություն չի ստացվում»,- ասաց նա: Սիմոնյանը նշեց, որ լուծման հնարավոր տարբերակներ չեն քննարկել, ամեն ինչ թողել են տնօրենի վրա: «Հիմա ոչ մի որոշում չկա, չգիտենք՝ ինչ կլինի, բայց մեր դիրքորոշումը չի փոխվել, չենք աշխատի տնօրենի հետ»,- ասաց նա: Նա հավելեց, որ դասապրոցեսը չի վերականգնվել դպրոցում, և որ աշակերտները շարունակում են չհաճախել դպրոց: Հիշեցնենք, որ մարտի 12-ից Ավշարի միջնակարգ դպրոցում աշակերտները դասադուլ էին սկսել, ծնողների հետ միասին պահանջում են դպրոցի նորանշանակ տնօրեն Հերմինե Անդրեասյանի հրաժարականը։ Նրանք պնդում են, որ տնօրենին նշանակել են մարզպետի սպառնալիքների ներքո: Մինչ օրս դասերը չեն վերականգնվել:

Քաղաքականություն

Պատահարներ