Զանգում են ԱԻՆ, թե երեխայի ձեռքից բանանը ցած է ընկել․ նախարարը լուրջ լինելու կոչ է արել
Փրկարար ծառայությունում աշխատող մարդիկ, աշխատանքի բերումով, հաճախ հոգեբանական տրավմաներ են ստանում։ Այս մասին այսօր Պաշտպանության եւ անվտանգության խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում, բարեփոխումների իրականացման գործընթացի եւ ձեռք բերված արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ ասել է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։ Նախարարը նշեց՝ Արտակարգ իրավիճակների նախարարությունում ստացվող զանգերի էական մասը կամ կեղծ ահազանգեր են, կամ տեղին չեն։ Այդ հեռախոսազանգերը նախարարը բնութագրել է որպես «քմահաճ զանգեր»։ «Այ, մեզ զանգահարում են եւ ասում, թե, իբր, երեխայի ձեռքից բանանը ցած է ընկել երրորդ հարկից. արդյո՞ք կարող ենք գնալ եւ այն վերադարձնել երեխային։ Կամ էլ զանգում ու ասում են, որ կատուն բարձրացել է ծառը, եւ արդեն չորս օր չեն կարողանում իջեցնել։ Անգամ շատ ավելի ծանր դեպքեր էլ են եղել։ Մի կին զանգահարել է Փրկարարական ծառայություն եւ ասել, որ ամուսինը շատ ծանր է, օգնություն է անհրաժեշտ, որպեսզի նրան կարելի լինի մեքենա նստեցնել, քանի որ ինչ-որ տեղ պետք է գնան։ Փրկարարները գալիս են, օգնում, տղամարդուն իջեցնում մեքենայի մոտ, եւ հետո կինն ասում է, որ ժամը 18.00-ին նրանք վերադառնան, որպեսզի ամուսնուն հետ՝ տուն բարձրացնեն»,- դժգոհել է նախարարը։

Քաղաքականություն

Պատահարներ