Հայտարարություն` ԱԺ-ի սանմաքրման աշխատանքների վերաբերյալ
«Քլիներս» ՍՊԸ հայտարարություն է տարածել ՀՀ Ազգային Ժողովի սանմաքրման աշխատանքների վերաբերյալ: Հայտարարությունում մասնավորապես ասվում է. «Հաշվի առնելով վերջին օրերին Ազգային Ժողովի աշխատակազմի մաքրուհիների բողոքները և դրանց շուրջ ձևավորված հանրային հնչեղությունը՝ անհրաժեշտ ենք համարում հանդես գալ պարզաբանումներով. «Քլիներս» ՍՊ ընկերությունը 2018 թվականի սեպտեմբերին մասնակցել և հաղթող է ճանաչվել ՀՀ ԱԺ աշխատակազմի կողմից հայտարարած ԱԺ վարչական շենքի սանմաքրման մրցույթում, առաջարկելով 7 մասնակիցների թվում ամենացածր գինը: «Քլիներս» ՍՊԸ հիմնադրվել է 2014 թվականին և հանդիսանում է տվյալ ոլորտի մասնագիտացված ընկերություն, պատվիրատուների լայն ցանկով (ինչպես պետական, այնպես էլ մասնավոր կազմակերպությունների): Միաժամանակ հարկ ենք համարում հայտնել, որ ընկերությունն իր գործունեության մեջ կաշկանդված չէ որևիցե կապերով թե նախկին, թե ներկայիս իշխանությունների ներկայացուցիչների հետ: Առավել ևս, պաշտոնապես հայտարարում ենք, որ «Քլիներս» ՍՊԸ պայմանագրային պարտավորություններից դուրս որևիցե պարտավորություն չի ստանձնել ԱԺ ղեկավարության թե նախկին, թե ներակայիս վարչակազմի ներկայացուցիչների հետ: Ընկերության ԱԺ աշխատակազմի հետ կնքված պայմանագրով, ընկերությունը պարտավորվում է ապահովել ԱԺ շենքի սանմաքրման աշխատանքները առնվազն 60 աշխատակցով 105 հազար դրամ դրույքաչափով: Քանի որ աշխատանքի տևողությունը կազմում է 2 ժամ, ապա ընկերությունը որոշել է, համապատասխան դրույքաչափի հաշվարկով, վարձատրել մաքրուհիներին կես դրույքաչափ: Այլ պարտավորություն (պաշտոնական կամ ոչ պաշտոնական) ընկերությունը չի ստանձնել և առաջնորդվում է բացառապես կողմերի միջև կնքված պայմանագրով: Այս թեմայով տարբեր շահարկումները համարում ենք ուղղորդված և կողմնակալ՝ միտված ընկերության բնականոն աշխատանքը խաթարելուն: Ընկերությունը նաև հայտնում է, որ իր աշխատանքը խոչընդոտելու, կողմերի պայմանագրային պարտավորությունները չկատարելու դեպքում կդիմի խնդրի դատական կարգով լուծմանը»:

Քաղաքականություն

Պատահարներ