ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Կրկին գարուն, կրկին ծառերի փոխարեն հսկայական կոճղեր․ Ինչու է խորը էտ իրականացվում
Երևանում արդեն տևական ժամանակ է մեկնարկել են ծառերի էտման աշխատանքները։ Ավրորա Մեդիան քաղաքացիներից դժգոհություններ էր ստացել, որ ծառերը բենզասղոցով էտվում են շատ խորը, կտրվում են նույնիսկ բավական հաստ ճյուղեր։ Արդյունքում գեղեցիկ ծառերի փոխարեն երևանյան փողոցները զարդարում են հսկայական "կոճղերը"։ Պարզելու համար, թե ինչու են քաղաքային իշխանությունները ծառերի էտման այս եղանակը օգտագործում, զրուցեցինք Քաղաքապետարանի բնապահպանության վարչության ներկայացուցչի հետ։ Մեզ հետ զրույցում քաղաքապետարանի աշխատակիցը ասաց, որ անհանգստանալու որևէ առիթ չկա, քանի որ ծառերի էտման այս եղանակը վտանգ չի ներկայացնում։ Նա վստահեցրեց, որ ծառերի այս էտից ընդամենը 2 ամիս անց, դրանք ավելի փարթամ և առողջ կլինեն։ Բնապահպանության վարչության ներկայացուցիչը մեզ հետ զրույցում նշեց, որ էտման այս մեթոդն ընդունված է ագրոկանոններով և կիրառվում է ամբողջ աշխարհում։ Նա հավելեց, որ մեծ մասամբ էտվում են թեղիները, որոնք քաղաքային պայմաններում բավական դժվարությամբ են աճում։ Նշենք, որ թեղիները չէտելու դեպքում, պետք է մշակվեն թունաքիմիկատներով, քանի որ ծառերի վրայի միջատները անհարմարություն են ստեղծում։

Քաղաքականություն

Պատահարներ