Քոչարյանի դեմ Շիրխանյանի տված 2 հաղորդումների հիման վրա քրգործ չի հարուցվի. ՀՔԾ
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի բաց նամակում նշված 1998 թ.-ի նախագահական ընտրությունների արդյունքները կեղծելու դրվագով քրեական գործի հարուցումը մերժվել է, Aysor. am-ին տեղեկացրեց Հատուկ Քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյան։ «ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվող նյութերի ընթացքում Վահան Շիրխանյանը բացատրություն է տվել նաև ՀՀ ոստիկանության Անձնագրերի եւ վիզաների վարչությունից Ռոբերտ Քոչարյանին ՀՀ քաղաքացիության վերաբերյալ կեղծ տեղեկանքներ տրամադրելու մասին: Նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 8-րդ կետերով նախատեսված հիմքերով. ընտրությունների արդյունքները կեղծելու մասով մերժվել է քրեական հետապնդման ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելու, իսկ ԱՎՎ-ից կեղծ տեղեկանքներ տրամադրելու մասով` անձի նկատմամբ նույն մեղադրանքից հրաժարվելու մասին դեռևս 2000 թ.-ին կայացված չվերացված որոշման առկայության հիմքերով»,-նեևրկայացրեց խոսնակը: ՀՔԾ-ն այս որոշումը կայացրել է օրերս։ Լրատվամիջոցը նշում է, որ Շիրխանյանը օրերս «Առաջին լրատվականին» էր տրամադրել 23 կետից կազմված մի նամակ, որն ուղղված էր Ռոբերտ Քոչարյանին և արձագանքն էր 2-րդ նախագահի հրապարակած գրքի։ Նույն նամակի հետքերով Վահան Շիրխանյանը հրավիրվել էր ՀՔԾ, տվել բացատրություն, որից հետո հայտարարվեց, որ ՀՔԾ-ում 1998 թվականի ընտրությունները կեղծելու դրվագով նյութեր են նախապատրաստվում:

Քաղաքականություն

Պատահարներ