ՀԴՄ-ների գնման պայմանագրերի հրապարակումը «կարող է ծանր հետևանքներ առաջացնել». ՊԵԿ-ըՙ «Հետք»-ին
ՀԴՄ-ների գնման պայմանագրերի հրապարակումը կարող է ծանր հետևանքներ առաջացնել Հայաստանի անվտանգության համար։ Նման պատճառաբանությամբ պետական եկմուտների կոմիտեն կրկին մերժել է «Հետք»-ին տրամադրել ՀԴՄ-ների ձեռք բերման պայմանագրերը։ «Մենք այդ պայմանագրերը ՊԵԿ-ից խնդրել էինք այն բանից հետո, երբ պարզել էինք, որ տնտեսվարողներին վերջին շրջանում մատակարարված ՀԴՄ սարքերը վաճառվել են ինքնարժեքից մոտ 70% թանկ գնով։ Նոր ՀԴՄ-ները վաճառվել են ինքնարժեքից մոտ 70% թանկ գնով. ՊԵԿ-ը գաղտնի է պահում պայմանագրերը Մասնավորապես կապվել էինք այդ սարքերը մատակարարած չինական «Պաքս Թեքնոլոջի» ընկերության հետ և պարզել, որ մեկ սարքի ինքնարժեքը մոտ 90 հազար դրամ է, այն դեպքում, երբ ՊԵԿ-ը ներկայացրել է 160 հազար դրամ։ Նշենք, որ այժմ սարքերի գինը տնտեսվարողների համար 160 հազար դրամից դարձել է 60 հազար դրամ և կառավարությունը հայտարարել է, որ մնացած 100 հազար դրամը կսուբսիդավորի պետությունը։ Սակայն մեր հոդվածում հրապարակված փաստերը թույլ էին տալիս եզրակացնել, որ հնարավոր է տնտեսվարողները այժմ 60 հազար դրամ վճարելու կարիք չունեն՝ ՊԵԿ-ի ենթակայությամբ գործող «ՀԴՄ-ների ներդրման գրասենյակ»-ի նախկինում կուտակած հնարավոր մեծ շահույթների հաշվին։ Հոդվածի հրապարակումից հետո «Հետք»-ը գրություն ուղարկեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով պարտավորեցնել ՊԵԿ-ին տրամադրել ՀԴՄ-ների ձեռք բերման պայմանագրերը։ Նշենք, որ միայն ՀԴՄ-ների ձեռքբերման պայմանագրերը թույլ կտան պաշտոնապես հաստատել, որ «ՀԴՄ-ների ներդրման գրասենյակ»-ը սարքերի իրացումից մինչ այժմ որքան շահույթ է ստացել։ Կառավարությունը մեր հարցումը մակագրել է պետական եկամուտների կոմիտե, որի իրավաբանական վարչությունը դարձյալ չի տրամադրել ՀԴՄ-ների ձեռք բերման պայմանագրերը ՝ հղում կատարելով «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքին։ Փաստորեն նույնիսկ կառավարությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, չկարողացավ ապահովել պետական գնման հրապարակայնությունը, և տնտեսվարողները հնարավորություն չունեն տեղեկանալու, թե տարիներ շարունակ իրենց պարտադիր կերպով վաճառված ՀԴՄ-ները իրականում ինչ արժեք ունեին»,- գրել է լրատվամիջոցըՙ ներկայացնելով ՊԵԿ-ի պատասխանն ամբողջությամբ։

Քաղաքականություն

Պատահարներ