Պարզապես փորձում են ապականել Սիրուշոյի անունը․ Նունե Խուրշուդյան
Սիրուշոյի ամբողջ գործունեությունը նվիրված է հայկական մշակույթի տարածմանը, և հիմա տպավորություն է, թե պարզապես փորձում են ապականել երգչուհու անունը։ Այս մասին Aurora News-ի հետ զրույցում նշեց երգչուհու պրոդյուսեր Նունե Խուրշուդյանը։ «Տարիներ շարունակ շրջում ենք Սփյուռքի հայկական համայնքներով, ներկայացնում մեր մշակույթը, հայ երիտասարդների մեջ սերմանում ազգայինը, օտարներին՝ ճանաչել տալիս հայկականը։ Այդ ամենը հեշտությամբ չի արվում, և հիմա ստացվում է, որ մեր երկրի ողջ հոգսը Սիրուշոյի համերգներն էին, որոնց մեջ փորձում են ինչ-որ խնդիր գտնել։ Մենք թաքցնելու ոչինչ չունենք, բայց մեր լրատվականները կարող էին ներկայացնել նաև, թե ինչ մեծ աշխատանք է կատարում Սիրուշոն, ոչ թե միայն նման հոդվածներ հրապարակեին»,-նշեց Նունե Խուրշուդյանը՝ հավելելով, որ իր բնորոշմամբ սա միայն երգչուհու կատարած աշխատանքը խեղաթյուրելու փորձ է, ինչը, վերջինիս խոսքով, ամոթալի է։ Խուրշուդյանը ներկայացրեց, թե արտերկրում ինչպիսի բուռն ու դրական արձագանքի է արժանանում երգչուհու աշխատանքը. «Ամենուր ասում են, թե ինչ լավ ենք ներկայացնում ազգային մշակույթը, և ցավալի է, որ գալիս ես տուն ու տանը նման ձևով են պատկերում աշխատանքը։ Այս պահին էլ Սիրուշոն արտերկրում համագործակցում է ոլորտի միջազգայում ճանաչում ունեցող մարդկանց հետ, և չեմ էլ ուզենա, որ իմանա այս հոդվածների մասին»։ Հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք երգչուհու պրոդյուսերը տեղյակ է, թե երբվանից են սկսվել ստուգումները և ինչ բնույթ են կրում: Խուրշուդյանը նշեց, որ տեղյակ չէ։ «Նշեմ, որ մեզ դեռ չեն էլ դիմել լրատվականներից ինֆորմացիան ճշտելու համար, ու գուցե ավելի ճիշտ կլիներ դիմեին, ճշտեին, հետո լուրեր տարածեին՝ առավելևս,որ թաքցնելու ոչինչ չունենք»,-եզրափակեց մեր զրուցակիցը։ Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ ստուգվում են երգչուհի Սիրուշոյի համերգների ֆինանսական տեղաշարժերը։

Քաղաքականություն

Պատահարներ