Ստամբուլում հնարավոր է չեղարկվեն ընտրությունների արդյունքները․ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ստամբուլում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում արձանագրված խախտումների պատճառով ընտրությունների արդյունքները կարող են չեղարկվել: Այս մասին ՌԴ-ից վերադառնալիս, օդանավում լրագրողների հետ զրույցում նշել է Թուրքիայի ղեկավարը։ Թուրքական «Sabah» թերթը հայտնում է՝ Էրդողանը մասնավորապես նշել է․ «Եթե Ստամբուլում, որտեղ բնակվում է գրեթե 11 միլիոն ընտրողր, ձայների քանակի տարբերությունը կազմում է ընդամենը 30 հազար, բողոքների պատճառով էլ թիվը նվազել է մինչև 13 հազար, ապա մենք պետք է շարունակենք մեր պայքարը: Պետք է ցրել բոլոր կասկածները, այս իրավիճակը նույնիսկ կարող է հանգեցնել ընտրությունների չեղարկման»։ Էրդողանը հայտարարել է, որ անհրաժեշտ է հարգել Թուրքիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ցանկացած որոշում: Նա նաև հայտարարել է, որ ընտրություններում ձայների վերահաշվումը ստանդարտ պրակտիկա է: Էրդողանը հիշեցրել է, որ ԱՄՆ մի շարք նահանգներում նախորդ Ֆլորիդայում նախագահական ընտրությունների ժամանակ վերահաշվարկ եղել է: Հիշեցնենք, որ մարտի 31-ին Թուրքիայում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ, որոնց ընթացքում իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությունը» (ԱԶԿ) 2002-ից ի վեր առաջին անգամ կորցրեց Անկարայում և Ստամբուլում քաղաքապետի պաշտոնը:

Քաղաքականություն

Պատահարներ