Մանկապարտեզում դաստիարակը բռնության է ենթարկել 3.5 տարեկան երեխային․ 168. am
Երևանի թիվ 94 մանկապարտեզում 3.5 տարեկան երեխային դաստիարակը բռնության է ենթարկել: Առաջին անգամ ծեծի ենթարկելու մասին նոր-նոր լեզուն բացված երեխան ինքն է մի կերպ մորը հասկացրել՝ հազիվ մի քանի բառ արտաբերելով ու ձեռքի նշաններով ցույց է տվել, թե ինչպես է դաստիարակը պատժել իրեն։ Իսկ օրեր անց, երբ 28-ամյա դաստիարակը կրկին նույն երեխայի վրա ձեռք է բարձրացրել, երեխայի մարմնի վրա մատնահետքեր են մնացել:Այս մասին հայտնում է 168. am-ը։ Մեկ ամսվա մեջ արդեն երրորդ անգամ դաստիարակի բռնության դեպքին ականատես է եղել այդ պահին մանկապարտեզում գտնվող երեխաներից մեկի ծնողը: Նշենք, որ դաստիարակի կողմից ֆիզիկական ուժի գործադրմամբ տղա երեխային «դաստիարակելու» փորձերն արվել են փետրվարի 20-ից մինչև մարտի 26-ն ընկած ժամանակահատվածում: Բռնության ենթարկված երեխայի մոր խոսքով՝ առաջին դեպքից հետո փորձել է առանձնազրույց ունենալ և պարզաբանում ստանալ դաստիարակից: Բնականաբար, նա հերքել է: «Սկզբում նկատեցի՝ տղայիս թևիկներին երեխայի ատամների հետքեր կան, մատիկների ճանկռած տեղեր, բայց դրան նորմալ վերաբերվեցի, մտածեցի՝ երեխաներ են, կոպիտ են խաղացել իրար հետ, բայց հետո, երբ հետքերը փոխվեցին, ու տղաս տանը պատմում էր, թե ինչպես է վարվել դաստիարակն իր հետ, սկսեցի շատ անհանգստանալ: Մոտեցա նրան, խնդրեցի, որ ուշադիր լինեն, երեխան վախենում է պարտեզ գալ, հրաժարվում է ամեն առավոտ, վարքագիծ է փոխվել: Դաստիարակն էլի հերքեց, ասելով, թե՝ աբսուրդ ա, չկա նման բան, ու էլի ամեն ինչ բարդեց խմբի երեխաների վրա: Հերքեց նաև, որ ասեղով վախեցրել է իմ ու մնացած բոլոր բալիկներին, բայց այս մասին շատ երեխաներ էին տանը պատմել: Տղաս էլ պատմում է, թե ինչպես է մի քանի անգամ սպառնացել, որ, եթե գնաք ձեր մամաներին պատմեք, ասեղով ձեր թաթիկները կծակեմ: Ես հեռախոսով փորձել եմ նկարել, թե ոնց է երեխաս տատիկին պատմում, ձեռքով ցույց է տալիս, թե ոնց է դաստիարակը ծեծում իրեն, ոնց է հարվածում իր գլխին, թևը կճմթելով՝ հատակին շպրտում: Եվ ամեն անգամ երեխան տարբեր շարժումներով է բացատրում: Բայց էս ամենը դաստիարակը միայն հերքում է… Ու զարմանալին այն էր, որ ոչ մի երեխա այդպես էլ չբողոքեց դայակից, հակառակը, շատ սիրում են նրան»,- 168. am-ին պատմել է բռնության ենթարկված երեխայի մայրը: Լրատվականը տեղեկացնում է, որ այս աղմկոտ պատմությունը սկզբում փորձ է արվել պահել պատերի ներսում, սակայն գործն արդեն ոստիկանություն է հասել: «Տնօրենի հետ հանդիպումից 8 օր անց ծնողներիս կրկին կանչեցին մանկապարտեզ, տեղեկացրեցին նրա որոշման մասին: Տնօրենն ասաց, որ դաստիարակին մեկ ամիս ժամկետով ուղարկում է հանգստի, թող գնա, հասկանա, թե որտեղ էր իր սխալը… Կվերադառնա արձակուրդից, հետո կորոշենք՝ ինչ անել: Նրա խոսքից հասկացանք, որ դայակ-դաստիարակ հարաբերություններում ևս լուրջ կոնֆլիկտ կա, և նրանք միաժամանակ են ուղարկվել հանգստի: Իհարկե, պարզ էր, թե իրականում ինչ է կատարվել նրանց միջև, բայց օրեր անց հաջորդ անակնկալը եղավ, տնօրենն անսպասելիորեն ազատվեց պաշտոնից: Հիմա բոլորովին այլ ղեկավարի, դաստիարակի ու դայակի հետ գործ ունենք»,- նշել է ծնողը։

Քաղաքականություն