«Սանիտեք»-ը չի կարողանում․ Հակոբ Կարապետյանը՝ աղբամաքրման աշխատանքների մասին
Aurora News-ը չի դադարում լուսանկարներ ստանալ Երևանի տարբեր փողոցներից, որտեղ չեն կատարվում աղբի մաքրման աշխատանքներ։ Հասկանալու համար, թե ինչո՞ւ է աղբամաքրման ոլորտում վիճակը շարունակում մնալ անմխիթար, Aurora News-ը կապ հաստատեց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանի հետ։ «Խնդրում եմ, բոլոր նկարները, որոնք ուղարկում են Aurora News-ին՝ հասցեագրեք ինձ։ Իհարկե, այնպես չէ, որ քաղաքապետն ու քաղաքապետարանը այդ վիճակից անտեղյակ են»,- մեզ հետ զրույցում նշեց պարոն Հակոբյանը։ Քաղաքապետի խոսնակը պատմեց, որ վերջերս շատ տարօրինակ դեպք է տեղի ունեցել․ «Չասեմ սաբոտաժ, բայց ինչ-ինչ հանգամանքներում չեղարկվեց մրցույթը, որի արդյունքում քաղաքապետարանը պետք է 24 նոր աղբատար մեքենա ձեռք բերեր, և նորմալ կազմակերպեր աղբահանության գործընթացը։ «Սանիտեք»-ի հետ ամենօրյա ռեժիմով քննարկումներ տարվում են, բայց պետք է արձանագրեմ, որ իրենք չեն կարողանում, չունեն այդ ռեսուրսը, մեքենաները փչացած են, անհրաժեշտ չափով գումարներ էլ չունեն նոր մեքենաներ գնելու համար, որպեսզի քաղաքի մաքրությունը հավուր պատշաճի կազմակերպեն»։ Հակոբյանի խնդիրն համարեց առաջնային, ապա հավելեց, որ վիճակը կրիզիսային է։ Քաղաքապետի խոսնակը հույս հայտնեց, որ առաջիկա մեկ-երկու ամսվա ընթացքում խնդիրը կլուծվի, քանի դեռ տաք եղանակները չեն սկսվել։

Քաղաքականություն

Պատահարներ