Ավտովթարի ենթարկված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ Արծրուն Հովհաննիսյան
«Ավտովթարի հետևանքով տուժածների կյանքին վտանգ չի սպառնում։ Նրանց առողջական վիճակը նորմալ է»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Մեղրի-Ծիրանի ձոր ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետեւանքով 18 զինծառայող հոսպիտալացվել է․ այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքից։ Ապրիլի 11-ին, ժամը 20:31-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Ծիրանի ձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. ՊՆ թիվ N զորամասի ավտոմեքենան շրջվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մեղրի-Ծիրանի ձոր ավտոճանապարհի 22-րդ կմ-ին թիվ N զորամասի «ԶԻԼ 131» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ժայռին և շրջվել: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը 18 զինծառայող հոսպիտալացվել է Մեղրու ԲԿ, որտեղ տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, իսկ մյուսներինը՝ բավարար: Բժիշկների հավաստմամբ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Քաղաքականություն

Պատահարներ