Հայտնաբերվել է Էջմիածնում դաժանորեն սպանված տղամարդու Lexus-ը
Երեկ՝ ապրիլի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 83-րդ կմ հատվածում Lexus մակնիշի տրանզիտ 8800 GL համարանիշի ավտոմեքենան Դիլիջանի 3-րդ ոլորանում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին և մոտ 30 մետր, մի քանի պտույտ շրջվելով, կողաշրջված վիճակում հայտնվել 4-րդ ոլորանի սկզբնամասում՝ բախվելով ծառին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Դիլիջանի թիվ 63 հրշեջ-փրկարարական ջոկատն ու ճանապարհային ոստիկանության 2–րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի վայրից 2 հոգի, որոնց տվյալները նախաքննության շահերից ելնելով չենք հրապարակում, տեղափոխվել են Դիլիջան բժշկական կենտրոն: Տեղում Կ. Աբազյանը կարողացել է պարզել, որ Lexus-ի վրա տեղադրված տրանզիտ համարանիշները կեղծ են ու իրական համարանիշները 15 DD 999-ն է: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենայի տիրոջը ժամեր առաջ առանձնակի դաժանությամբ սպանված հայտնաբերել էին Վաղարշապատի ոստիկանները Էջմիածին քաղաքի ՝ իր բնակարանում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ եթե դասակի հրամանատարը ճիշտ չկողմնորոշեր ու Դիլիջանի փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները օպերատիվ չգործեին ու ժամանակին վիրավորներին չբռնեին, ապա նրանք, ովքեր ավտոմեքենայից դուրս էին եկել իրենց ուժերով, հնարավոր է՝ դեպքի վայրից հեռանային ու իրավապահները կանգնեին փաստի առաջ, բայց այս դեպքում ճանապարհային ոստիկաններն ու փրկարարները ոչ միայն օպերատիվ գործեցին, այլ նաև արդեն ժամանած Դիլիջանի ոստիկանության բաժնի ծառայողների հետ հսկողության տակ վերցրեցին վիրավորներին:

Քաղաքականություն