Երևանում 2 տարեկան երեխան փախել է տատիկի և պապիկի մոտից
Երևանի կենտրոնում երեխային զբոսանքի տարած տատին ու պապիկը որոշել են բանկոմատից գումար հանել ու չեն նկատել, թե ինչպես է այդ պահին իրենցից փախել 2 տարեկան թոռնիկը։ Sputnik Արմենիային այս մասին պատմել են քաղաքի կենտրոնական փողոցներում ծառայություն իրականացնող ոստիկանները` նշելով, որ դեպքը տեղի է ունեցել մի քանի օր առաջ։ «Բնականաբար, ավագ սերնդի ներկայացուցիչ տատիկ–պապիկի համար մի քիչ դժվար է բանկոմատից գումար հանելը։ Նրանք երկուսով կենտրոնացել էին բանկոմատի վրա։ Երեխան էլ օգտվել է առիթից ու գնացել է իր հետաքրքրությունների հետևից»,– լրատվականին պատմել է ոստիկանության ավագ լեյտենանտ Արմեն Խաչատրյանը։ Երեխայի կորուստը նկատած տատիկն ու պապիկը դիմել են ոստիկաններին` խնդրելով օգնել իրենց։ Բարեբախտաբար, ոստիկաններին հաջողվել է շատ արագ գտնել նրան։ Ինչպես նշել է լրատվականի զրուցակիցը, այդպիսի դեպքերում իրենք փորձում են հասկանալ մեծերի հսկողությունից ազատված երեխայի հոգեբանությունը․ «Նման դեպքերում, եթե երեխան լաց չի լինում, չի վախենում, գնում է իր հետաքրքրությունների հետևից` խաղահրապարակ, այնտեղ, ուր երեխաները շատ են, եթե կան խաղալիքներ, մոտենում է դրանց»։ Այս անգամ էլ նախկին փորձը չի դավաճանել։ 2-ամյա փոքրիկին ոստիկանները գտել են Օպերայի հարակից խաղային ատրակցիոնների մոտ ու վերադարձրել տատիկին ու պապիկին։

Քաղաքականություն

Պատահարներ