Երեքուկես տարեկան երեխային մանկապարտեզից տուն են տարել արյունոտ հագուստով
Երեւանի բնակիչ Ժենյա Մկրտչյանը ահազանգում է, որ օրեր առաջ գնացել է Երեւանի թիվ 120 մանկապարտեզ եւ իր երեքուկես տարեկան դստերը հայտնաբերել վնասված շրթունքով եւ արյունոտված հագուստներով։ «Մանկապարտեզից զանգահարեցին՝ ասացին եկեք, երեխայի շրթունքից արյուն է գալիս. գնացի՝ տեսա անկողինը, հագուստն ու գիշերանոցը արյունոտ են, հարցրի՝ ի՞նչ է եղել, ասացին՝ չգիտենք»,–NEWS.am–ին ասել է կինը։ Ժենյա Մկրչյանի խոսքով՝ իր երեխային հնարավոր է՝ վնասվածք է պատճառել խմբի երեխաներից մի տղա, որը, ըստ կնոջ, մանկապարտեզում արտոնյալի կարգավիճակ ունի։ «Խմբում մի բալիկ կա, ում մայրն այդ մանկապարտեզում է աշխատում եւ այդ փաստից նրա երեխան իրեն շատ առիթավորված է պահում, բոլոր բալիկներին հրմշտում է, հարվածում։ Ես մի քանի անգամ զգուշացրել եմ, որ այդ բալիկն է իմ երեխային պարբերաբար հարվածում, խնդրել եմ հարցին լուծում տալ։ Իմ աղջիկը պատմել է, որ իրեն հրել է այդ տղան, ինքն ընկել է, շրթունքը պատռվել է, մինչդեռ մանկապարտեզում ասում են՝ չգիտենք ինչ է եղել։ Իմ բալիկն ինձ պատմել է, որ դայակն ու դաստիարակը պարբերաբար խմբից դուրս են գալիս եւ իրենց մենակ թողնում։ Երեք տարեկան երեխան չի խաբում։ Ես իրեն խոսեցրել, նկարել եմ։ Նա պատմել է, թե իրեն հարվածող բալիկը մանկապարտեզում որքան առավելություններ ունի»,–լրատվականին պատմել է նա։ Լրատվամիջոցի հետ զրույցում ոստիկանությունից հաստատեցին ահազանգի վերաբերյալ տեղեկությունը՝ նշելով, որ ահազանգը ստուգելու համար մանկապարտեզ է մեկնել անչափահասների գործերով տեսուչը։ Երեւանի թիվ 120 մանկապարտեզի տնօրեն Դիանա Մուրադյանն էլ բացառել է, որ երեխան շրթունքի վնասվածք է ստացել մեկ այլ երեխայի հետ կոնֆլիկտի արդյունքում։

Քաղաքականություն