Բանտից փախած պոլսահայ Սևան Նիշանյանը ՀՀ քաղաքացիություն է ստացել
Պոլսահայ մտավորական Սևան Նիշանյանը մայիսի 16-ին Աթենքում ՀՀ դեսպանատանը կազմակերպված արարողության ժամանակ Հայաստանի դեսպան Ֆադեյ Չարչօղլյանից ստացել է ՀՀ անձնագիր: Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում: «Հայաստանի Հանրապետութեան անցագիրս այսօր Աթենքի դեսպանատան մէջ կազմակերպուած համեստ արարողութեամբ մը, յարգելի Դեսպան Պարոն Ֆադէյ Չարչօղլյանէն ստացայ: Անգամ մը եւս հպարտութիւնը զգացի մաս կազմելուս աշխատասէր եւ խաղաղասէր ազգի մը՝ որ պատմութեան ընթացքին կանգուն մնացած է լոկ իր աշխատանքին շնորհիւ: Շնորհակալութիւն կը յայտնեմ նախ Հայաստանի Վարչապետ Նիկոլ Փաշինեանին՝ յետոյ բոլոր անոնց որոնք օգտակար եղած են այս պատուին արժանանալուս»,- գրել է Նիշանյանը: Նիշանյանը 17 տարի ժամկետով թուրքական բանտում էր հայտնվել 2014 թվականին: 2017 թվականի հուլիսի 14-ին օգտվել էր բանտից դուրս գալու թույլտվությունից և չվերադարձել: Նրան մեղադրել են Իզմիրի Շիրինջե գյուղի իր սեփական այգում «ապօրինի» շինարարություն իրականացնելու համար:

Քաղաքականություն

Պատահարներ