Մել Դալուզյանին Ամստերդամում դանակահարել են
Երկու դիմակավորված անձ, զինված դանակով, երեկ ցերեկն Ամստերդամի կենտրոնում փորձել են թալանել Albert Heijn սուպերմարկետի դրամարկղը՝ սպառնալով աշխատողին. վերջինիս օգնության հասած ծանրամարտիկ Մել Դալուզյանը դանակահարվել է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր Մել Դալուզյանի ընկերը: «Իմ լավ ընկերը՝ Մելն այդ պահին գնումներ էր կատարում, և տեսնելով տեղի ունեցողը՝ աշխատողին օգնության է հասել, տապալել գողերին։ Ոստիկանությունը ժամանել է դեպքի վայր և ձերբակալել նրանց։ Ցավոք, մինչ ոստիկանությունը տեղ կհասներ, հանցագործներից մեկը հաջողացրել է դանակով խորը հարվածներ հասցնել Մելին կրծքավանդակի ու մեջքի շրջանում։ Այնուամենայնիվ, Մելն անգամ վիրավոր վիճակում թույլ չի տվել նրանց փախչել։ Մելն այժմ հոսպիտալում է, վիճակը՝ ստաբիլ։ Կյանքին, բարեբախտաբար, վտանգ չի սպառնում։ Հոլանդական ԶԼՄ-ները հերոսական են որակում նրա արարքը։ Հ.Գ. Մել Դալուզյանը ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն ու ռեկորդակիր, աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր է, որ ներկայացրել է Հայաստանը։ Տրանսգենդեր ատլետը քաղաքական ապաստան է ստացել և երեք տարի է՝ բնակվում է Նիդեռլանդներում»,-ասված է գրառման մեջ։

Քաղաքականություն

Պատահարներ