Մի սևազգեստ լակոտի պառկեցրել էին ասֆալտին. Հմայակ Հովհաննիսյան
Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ականատես եղա մի կրկեսային տեսարանի: Մաշտոցի պողոտայում՝ Պուշկինի փողոցից վերև, մի սևազգեստ լակոտի ոստիկանները պառկեցրել էին ասֆալտին ու մեծ խմբով շրջապատել: Մի քանի կետից հեռախոսներով նկարում էին, իսկ լակոտը լացակումած խնդրում էր` այդ նկարահանումներն արագացնեն ու ձեռքերն էլ պակաս կոպտությամբ ոլորեն: Հետո վրա հասան էլի մի հինգ-վեց ոստիկանական մեքենաներ սիրենաներով, դրանցից դուրս եկան կամուֆլյաժով հատուկջոկատայիններն ու վրա հասան սևազգեստի ձեռքերը ոլորող ոստիկաններին օգնելու: Քանի որ ողորմելին, ինչպես մյուս մարդիկ, ընդամենը երկու ձեռք ուներ, ստիպված եղան ոտքերից քաշքշել: Այդ ընթացքում երեք կետից երեք փորավոր ոստիկաններ շարունակում էին հեռախոսներով նկարահանել սրտաճմլիկ տեսարանը: Մայթերին հավաքված մարդկանց միահամուռ կարծիքով ոստիկանության անձնակազմին ամսվա վերջին շռայլ պարգևավճարներ են սպասվում: Մի տարեց մարդ էլ փնթփնթում էր, թե նույնիսկ Անդրոպովի հրահանգներն այդպիսի ջանասիրությամբ չեն կատարվել ժամանակին: Քայլ արա՛, մերժիր... սևազգեստներին... սպիտակների ու սևերի պայքարը թեժանում է: Մի բանն է վատ, որ չիմացա, թե ո՞ւր հետո տարան այդ լակոտին. գուցե՞ լրագրող-ընկերներս պարզեն ու ինձ և մեր հանրությանը տեղեկացնեն: Ամեն դեպքում, բոլորին խորհուրդ եմ տալիս վաղվանից հոժար կամքով հագնել ծաղկավոր շորեր՝ շառից-փորձանքից հեռու...»:

Քաղաքականություն

Պատահարներ