Մանիպուլյացիայի նոր մեխանիզմ. ՊԵԿ-ը ահազանգում է
Պետական եկամուտների կոմիտեն հաղորդում է, որ վերջին շրջանում նկատել է հնարավոր մանիպուլյացիայի նոր մեխանիզմ. քաղաքացիները, թաքցնելով աճուրդից ձեռքբերման փաստաթղթերը, մաքսային մարմիններին ներկայացնում են միջնորդ կազմակերպության կողմից տրված հաշիվ-ապրանքագիր, որում արտացոլված ապրանքի գինն էականորեն տարբերվում է տվյալ ավտոմեքենայի աճուրդում վաճառքի գնից: «Այսօր քաղաքացի Արա Խաչատրյանի ներկայացրած դեպքը նմանատիպ կասկածելի գործարքների շարքից է: ՊԵԿ-ը, հատուկ ծրագրի միջոցով, նույնականացրել է նրա մատնանշած ավտոմեքենան, որը միջնորդ կազմակերպության կողմից տրված հաշիվ-ապրանքագիրը դուրս գրելուց օրեր առաջ ամերիկյան աճուրդում վաճառվել է 45 000 ԱՄՆ դոլարով: Ինչ վերաբերում է Ա. Խաչատրյանի բարձրաձայնած կոռուպցիոն սխեմաներին, հարկ է նշել, որ ավագ մաքսային տեսուչ Նարեկ Գևորգյանն աչքի է ընկնում բարձր պրոֆեսիոնալիզմով և ակտիվ մասնակցություն ունի նշված մեխանիզմի բացահայտման գործում: ՊԵԿ-ը վստահեցնում է, որ կոռուպցիոն որևէ դրսևորում տեղ չի կարող ունենալ մեր երկրում և հորդորում է քաղաքացիներին ու տնտեսվարողներին՝ ցանկացած կոռուպցիոն դրսևորում նկատելու պարագայում դիմել համապատասխան մարմիններին: Հիշեցնում ենք, որ մաքսային մարմինները որդեգրել են գործընթացների պարզեցման գործելաոճ, միաժամանակ՝ իրենց վերապահված գործառույթներով ապահովելով ՀՀ տնտեսական անվտանգությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Քաղաքականություն

Պատահարներ