Մաշտոցի պողոտայի գետնանցումում ապամոնտաժվել են բոլոր տաղավարները
Երեւանի Մաշտոցի պողոտայի Փակ շուկայի հարակից ստորգետնյա անցումում գտնվող բոլոր տաղավարները ապամոնտաժվել են: Մինչեւ այդ, տարածքում խանութներ էին գործում, կային բջջային հեռախոսների ու կենցաղային տեխնիկայի վերանորոգման տաղավարներ եւ այլն: Սկզբում ապամոնտաժվեց գետնանցումի կենտրոնում գտնվող բավական մեծ խանութը, այնուհետեւ պատերի երկայնքով շարվածները: Քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում պարզաբանել է, որ տնտեսվարողն ազատում է տարածքը: «Այդ տարածքի հետ կապված կար դատական վեճ քաղաքապետարանի եւ տնտեսվարողի միջեւ: Քաղաքապետարանը պահանջում է վճարել վարձակալության գումարը: Բազմակի անգամ խախտվել են ժամկետները եւ թերվճարումներ են կատարվել, ու այդ հիմքով քաղաքապետարանը դատական հայց էր ներկայացրել վարձակալի դեմ: Այս պահին վարձակալը իր ուժերով մաքրում է տարածքը, եւ ակնկալվում է, որ այնտեղ մենք անպայմանորեն կունենանք ավելի բարեկարգ միջավայր, ինչպիսի լուծում էլ որ տրվի: Կլինի շատ ավելի հարմարավետ միջավայր, քան նախկինում էր»,- լրատվականին ասել է Հակոբ Կարապետյանը:

Քաղաքականություն