46 համարի երթուղու ուղևորափոխադրող ընկերությունը միայն նախազգուշացվել է. Հովսեփ Կուբատյան

46 համարի երթուղու ուղևորափոխադրող ընկերությանը միայն նախազգուշացվել է, նման դեպքեր հայտնաբերելու դեպքում քաղաքապետարանն իրավունք ունի չեղարկել պայմանագիրը ուղևորափոխադրող ընկերության հետ:

 

Tert.am-ի հարցին ի պատասխան ասաց Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչության պետ Հովսեփ Կուբատյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ընկերությանը պատասխանատվության ենթարկելու հարց չի  քննարկվելու, քանի որ ըստ ոստիկանության՝ կարգազանց վարորդը չի ունեցել վարորդական իրավունքի վկայական:

 

«Մինչ նոր տրանսպորտային համակարգի ներդրումը Երևանի քաղաքապետարանը զերծ է մնում ուղևորափոխադրողների հետ պայմանագրերի չեղարկումից և սահմանափակվում է միայն զգուշացումներով, քանի որ նման կտրուկ քայլերը միայն կվատացնեն գործող տրանսպորտային ցանցը»,-նշեց  Հովսեփ Կուբատյանը:

 

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը տեղեկացրել էր, որ նախօրեին տարածված տեսանյութում 46 համարի երթուղու վարորդի վարքագիծը քննարկելու համար այսօր Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչություն է հրավիրվել երթուղին սպասարկող ընկերության ներկայացուցիչը: Քննարկման արդյունքում որոշում է կայացվել կարգազանց վարորդին հեռացնել աշխատանքից:

Քաղաքականություն