ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ. Կարեն Կարապետյանի որդին Մաշտոցի պուրակի անցումում առևտրի կենտրոն է կառուցում. Հետք

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանի որդին՝ Վահե Կարապետյանը Մաշտոցի պուրակին կից գետնանցումում առևտրի կենտրոն է կառուցում:

 

Նրա պատկանող «Անցումմեկ» ընկերությունն այս պահին գետնանացման տարածքում շինարարություն է կատարում: Վահե Կարապետյանը այս ընկերության բաժնեմասերը գնել է չորս ամիս առաջ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Վարդան Հարությունյանի որդուց՝ Ռուբեն Հարությունյանից, գրում է Hetq.am-ը:

 

Հարությունյանն էլ իր հերթին ընկերության բաժնետոմսերը գնել էր այս տարվա հունվարին՝ ընկերության հիմնադիր Կարեն Հովսեփյանից և դրանից 20 օր անց բաժնետոմսերը վաճառել Վահե Կարապետյանին:

 

Վահե Կարապետյանը ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդին է, ում հովանավորությամբ վերանորոգվել է օրեր առաջ վերաբացված այգին Սարյան-Մաշտոցի պողոտա հատվածում: Գետնանցումը դրան կից է:

Այգու բացմանը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը այգին բարեկարգած «Տաշիր» ընկերության ներկայացուցիչներին ասել է. «բավականին մեծ աշխատանքներ ունենք ստորգետնյա անցման, ինչպես նաև այգու վերին հատվածի հետ կապված»:

«Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Նարեկ Կարապետյանը քաղաքապետին վստահեցրել է, որ չեն կարող այգու հարակից ստորգետնյա անցումը թողնել այս վիճակում:

 

«Պետք է այդ խնդիրն էլ լուծենք: Այսինքն, այգին թելադրեց, որ շարունակենք ներդրումային ծրագիրը: Կփորձենք հետաքրքիր լուծումներ գտնել, որ այստեղ հանգստացող քաղաքացիները ձմռան ամիսներին իրենց ժամանակն անցկացնեն ստորգետնյա անցման տարածքում»,- ասել է Նարեկ Կարապետյանը: Նշենք, որ վերջինս՝ Վահե Կարապետյանի եղբայրն է:

 

Երևանի քաղաքապետարանի փոխանցմամբ՝ ստորգետնյա անցումի այս տարածքը «Անցումմեկ» ընկերությանը վաճառվել է քաղաքապետ Կարեն Կարեպտյանի 2011 թվականի հոկտեմբերի 5-ին որոշմամբ: Մասնավորապես, ընկերությանը վաճառվել է համայնքային սեփականություն հանդիսացող 2053 քմ մակերեսով շինություն և 2053 քմ մակերեսով հողամաս: Գույքի համար ընկերությունը վճարել է 349 միլիոն դրամ:

Ըստ քաղաքապետարանի, «Անցումմեկ» ընկերությունն այս տարածքը ձեռք է բերել 2011 թվականի սեպտեմբերին կայացած մրցույթով:

Ընկերությունը գետնանցումի այս տարածքը գնել է հիմնադրումից մեկ ամիս անց: Ըստ իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալների՝ «Անցումմեկ» հիմնադրվել է 2011 թվականի օգոստոսին՝ Կարեն Հովսեփյանի կողմից, և դրանից մեկ ամիս անց մասնակցել անցումի տարածքի օտարման մրցույթին և հաղթող ճանաչվել: 

 

Մանրամասներըէ սկզբնաղբյուր կայքում:

Քաղաքականություն

Պատահարներ