Սիգարետը հանգցնելուց առաջ ասաց՝ դիշովկա. 46 համարի երթուղայինի վարորդ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը երեկ՝ հունիսի 11-ին, զանգահարել է ոստիկանության բաժին եւ ասել, որ թույլ չտան Երեւանի թիվ 46 երթուղին սպասարկող վարորդի միկրոավտոբուսը ոստիկանության հատուկ պահպանվող տարածքից դուրս հանեն: 

 

Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին, NEWS.am-ի հետ զրույցում պատմեց թիվ 46 երթուղին սպասարկող միկրոավտոբուսի վարորդ Ռուստամ Վարդանյանը:

 

Նշենք, որ հունիսի 10-ին տարածվել էր տեսանյութ, որում վարորդ Ռուստամ Վարդանյանից ուղեւորուհին պահանջել էր դադարեցնել ծխելը, նա  չէր դադարեցրել, եւ պահանջել էր, որ ուղեւորուհին դուրս գա մեքենայից: Ուղեւորուհին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տարածել էր միջադեպի տեսագրությունը: Այդ միջադեպից հետո վարորդին հեռացրել են աշխատանքից, եւ ոստիկանությունը միկրոավտոբուսը տարել էր հատուկ պահպանվող տարածք:

 

Վարորդը պատմեց, որ ոստիկանությունում իրեն տուգանել են 30 հազար դրամի չափով, 1 ժամ 20 րոպե մնալով ոստիկանության բաժնում՝ իրեն թույլ չեն տվել միկրոավտոբուսը հանել հատուկ պահպանվող տարածքից: Վարորդի խոսքով՝ ոստիկանության տարածքից մեքենան թույլ չի տվել դուրս հանել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը.

«Ամեն ինչ արել ենք, դրել ենք, ստորագրել ենք, վերջացրել ենք, ինձ ասել են՝ մոտեցի դիմացի պլաշադկեն: Հելել եմ, գնացել եմ՝ ուղիղ 1 ժամ 20 րոպե հետո հերթը հասավ ինձ: Առողջապահության նախարարը զանգեց ոստիկանությանը դամաշնիով ու ասեց՝ էտ ավտոն դուրս չգրեք: 

 

Ստորագրած պատրաստի ա, որ պիտի դուրս գրվի, գնանք, արգելանք դրեցին: Չեմ ուզում դրա անուն ազգանունն էլ տամ: Ինչի համար ընգեր, վայի՞ս ես անում: Ինչի՞  համար ավտոն չհանեն, Անիի՞ համար»,- ասաց վարորդը եւ պատմեց, որ ինքը ամուսնալուծված է, եւ իր 2 երեխաների համար ալիմենտ է վճարում 35 հազար դրամի չափով.

 

«Կարա՞ս նենց անես, որ համ ալիմենտ տամ, համ տուն պահեմ: Ծնողներս չեն աշխատում, տան միակ աշխատողը ես եմ: Էսօր գնալու եմ Նիկոլի մոտ ասեմ՝ հասկացանք օրենքով ա, բայց ոչ՝ հագցնելով: Բաժանված եմ, ունեմ 2 երեխա, երեխեքիս ալիմենտ եմ տալիս, հիմա որ չեմ աշխատելու՝ ինչպե՞ս եմ տալու, ինձ աշխատանքից ազատել են, կարա՞ պետությունը տա:

 

Եթե պետությունը կտա ամիսը 35 հազար դրամ, ես կարամ նստեմ տունն ու ոչ մի բան չանեմ:

 

Գնալու եմ քաղաքապետարան, ասելու եմ, որ պետական բյուջեից 35 հազար դրամ ինձ տան»,- ասաց Ռուստամը:

 

Անդրադառնալով՝  ոստիկանության հրապարակած այն լուրին, թե ինքը չունի վարորդական իրավունքի վկայական, նա ասաց, որ ունի վարորդական իրավունքի վկայական, սակայն կարգն է այլ. «Ունեմ, ուղղակի չեն ասում՝ որ կարգը կա, կամ չկա: Իրենց մոտ մի քիչ սխալ է»:

 

Հիշելով միջադեպը՝ Ռուստամն ասաց, որ ուղեւորուհի Անիին ճանաչում է, եւ, որ նա ուղղակի հունից հանել է իրեն իր խոսքերով.

«Ինձ ասեց սիգարետդ կհանգցնե՞ս: Մնացածը չեմ ուզում ասեմ, քանի որ մի քիչ լավ չի հնչում:

 

Սիգարետը հանգցնելուց առաջ ասաց՝ դիշովկա, ես էլ ասեցի դիշովկեն դու ես, աղջի: Ես ճանաչում եմ իրեն, շառ ա»,- ասաց նա:

 

Խոսելով համացանցում իր հասցեին հնչեցրած մեղադրանքներին եւ հայհոյանքներին՝ իր հեռախոսահամարն ասաց եւ խնդրեց մեկնաբանողներին զանգահարել իրեն.

 

«Ավելի լավ ա գնամ համբալություն անեմ, քան՝ ներվերս քայքայեմ , ուզում եք՝ դուռն էլ բացեմ ուղեւորը գնա, մեկ ա՝ անշնորհակալ գործ ա»,- ասաց վարորդը:

Քաղաքականություն