Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը նամակ է հղել Փաշինյանին

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նամակում Յագլանդն անդրադարձել է Փաշինյանի նախաձեռնած դատական բարեփոխումներին ու խոստացել օժանդակություն այդ հարցում, հայտնում է «Արմենպրեսը»:

«Եվրոպայի խորհուրդը մեծապես գնահատում է դատական բարեփոխումների օրակարգին հետամուտ լինելու Ձեր հանձնառությունը: Մենք նաև կիսում ենք Ձեր գնահատականն առ այն, որ պետք է բազմապատկել կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված ջանքերը և բարեփոխել ու վերակառուցել դատական համակարգը՝ Հայաստանի Սահմանադրությանը և Հայաստանի միջազգային պարտավորություններին համապատասխան»,- գրել է Յագլանդը։

Նա հույս է հայտնել, որ արագ և վճռական ռազմավարությունը և գործողությունները իրականություն կդարձնեն կառավարության օրինական նպատակները։

«Այդ ռազմավարությունը կարող է կառուցվել երեք հենասյուների վրա․

  • կոռուպցիայի դեմ ուղղված եռանդուն ջանքեր
  • դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացում
  • մարդու իրավունքների խախտումների շտկում»,- գրել է Յագլանդը։

Նա բացատրել է, որ այդ ամենը կարող է արվել եվրոպական մոնիթորինգի մեխանիզմների գործարկմամբ, ինչը կապահովի բարեփոխումների նկատմամբ վստահություն, ինչպես նաև միջազգային աջակցության շարունակականություն։

Քաղաքականություն