Կինոոլորտի խնդիրները կլուծվեն, եթե լինի քաղաքական մտածելակերպի փոփոխություն. Զոհրաբյան

Խորհրդարանում այսօր կինոյի ոլորտում օրենսդրական լուծումների թեմայով լսումներ են հրավիրվել։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանի խոսքով` ամրագրված մեխանիզմների միջոցով լավագույնս կկառավարվի կինոոլորտին տրվող պետական աջակցությունը՝ օրենսդրորեն բացառելով կոռուպցիոն ռիսկերը և կոռուպցիոն սխեմաները։

 

«Ոլորտի օրենսդրական կարգավորումը նպատակ է հետապնդում օրենսդրորեն ապահովել ՀՀ-ում կինոոլորտի զարգացումը՝ կինոարտադրությունից մինչև կինովարձույթ, օրենսդրորեն սահմանել կինոլորտի պետական կառավարման մարմինների բոլոր գործառույթները, ՀՀ պետական բյուջեով ամենամյա պետական աջակցության համար նախատեսված ֆինանասական միջոցների բաշխումից և ծախսումից մինչև մշակութային ժառանգության պահպանություն, հայկական կինոյի հանրայնացում և միջազգայնացում», - ասաց նա:

 

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ տարիներ շարունակ խորհրդարանում եղել են Կինոյի մասին օրենքի, ստեղծագործական միությունների մասին քննարկումներ, սակայն քաղաքական կամք չի եղել այդ հարցերը լուծելու, որովհետև օրակարգում այլ առաջնահերթություններ են եղել։

 

«Արդյոք կինոյի մասին օրենք ընդունելով լուծելու՞ ենք Հայաստանում կինոարտադրության ողջ խնդիրները, արդյոք օրոացուցում Կինոյի օր ունենալով մենք լուծելու՞ ենք կինոյի խնդիրները՝ իհարկե, ո՛չ։ Մենք պետք է հասկանանք, որ սա համալիր խնդիր է։ Այս խնդիրը կլուծվի, եթե լինի քաղաքական մտածելակերպի փոփոխություն, որ մշակույթը բրենդ է», - ասաց Նաիրա Զոհրաբյանը։

Քաղաքականություն

Պատահարներ