Մենք կոշտ դիրքորոշում ունենք մեր երկրի ներքին գործերին միջամտելու հետ կապված․ Ա․ Միրզոյանը՝ ՌԴ դեսպանի՝ ԱԳՆ հրավիրվելու մասին

Մենք կոշտ դիրքորոշում ունենք աշխարհի բոլոր երկրների կողմից մեր երկրի ներքին գործերին միջամտելու փորձի տեսական հնարավորություն դիտարկելու հետ կապված: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ՌԴ դեսպանին ԱԳՆ հրավիրելու հանգամանքին: Միևնույն ժամանակ նա նշեց, որ ինքն այդ հանդիպումից այլ մանրամասների չի տիրապետում։ 

 

Նշենք, որ ըստ մամուլի տեղեկությունների՝ ՌԴ դեսպանը հանդիպում էր ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:

«Նախկինում նման այլ զրույցներ, կարծես, չեն եղել: Ինքս էլ ՌԴ դեսպանի հետ  բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել, բազմաթիվ հարցեր քննարկել, խոսել այդ թվում՝ փոխադարձ ինքնիշխանությունը հարգելու մասին»,- շարունակեց նա:

 

Դիտարկմանը, թե դրանք կարծես արդյունք չեն տվել, Արարատ Միրզոյանն արձագանքեց՝ ասելով, թե համակարծիք չէ այս տեսակետի հետ։ Նա հավելեց, որ անձամբ ողջունում է այն, որ ԱԳՆ են հրավիրել, բայց հորդորեց հեռուն գնացող հետևություններ չանել:

 

«Խոսքը ոչ թե նրա մասին է, որ որևէ երկրի դեսպան չպետք է հանդիպի ՀՀ քաղաքական ներկապնակի որևէ առանձին ներկայացուցչի հետ, ո՛չ, քավ լիցի, ամենևին, բոլորը բոլորին կարող են հանդիպել, խոսքն այն մասին է, որ հանդիպում է մի մարդու, որին շատ լուրջ մեղադրանք է առաջադրված: Կա դատական գործընթաց, որի շրջանակներում որևէ այսպիսի հանդիպում, ակնարկ կարող է դիտվել որպես միջամտություն: Ոչ թե դասական քաղաքական գործչի մասին ենք խոսում, այլ մի քիչ այլ, քան դասական քաղաքական գործիչ է, որովհետև շատ լուրջ մեղադրանք կա»,- եզրափակեց Արարատ Միրզոյանը։

Քաղաքականություն

Պատահարներ