«ՎԵՏՕ»-ն ՍԴ–ի դիմաց շտապ հավաք է անցկացնում

«ՎԵՏՕ» շարժման կոչով այսօր ևս Սահմանադրական դատարանի դիմաց իրականացվում է շտապ հավաք՝ սահմանադրական տապալված կարգը վերականգնելու գործընթացը շարունակելու համար: 

 

«ՀՀ սահմանադրական կարգի տապալումը, որը զուգորդվեց կառավարական շենքերի ապօրինի արգելափակմամբ, Ազգային ժողովի ապօրինի շրջափակմամբ, պատգամավորների նկատմամբ ճնշումներով, դատարանների մուտքերի ապօրինի արգելափակմամբ, դատական իշխանության վրա հրապարակային և բացահայտ ճնշումներով, ՀՀ Սահմանադրության և օրենքների բազմաթիվ ոտնահարումներով, արդեն հասել է անթույլատրելի աստիճանի՝ վերածվելով ՀՀ Սահմանադրության, իրավունքի և առողջ բանականության նկատմամբ բացահայտ ծաղրի:

 

Աբսուրդը հասել է այն աստիճանի, որ ցանկացած մարդ կարող է, թքած ունենալով Սահմանադրության և օրենքի վրա, ինքնահռչակվել իր երազած պաշտոնին:

 

Իշխող քաղաքական ուժը բուծել է խուլիգանախմբեր, որոնց հռչակել է «ժողովուրդ», ֆեյքերի ջոկատներ, որոնց հռչակել է «ժողովրդի ձայն» և դրանց միջոցով հանրությանը պարտադրում է իր ապօրինությունները:

 

Հաշվի առնելով վերոգրյալը՝ «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումը հայտարարում է տապալված սահմանադրական կարգի վերականգնմանն ուղղված գործողությունների շարք սկսելու մասին: Այդ նպատակով «ՎԵՏՕ»-ն սկսում է բոլոր քաղաքական, հասարակական ուժերի և մտահոգ անհատների հետ խորհրդակցությունների շարք՝ Հայաստանում տապալված սահմանադրական կարգի վերականգնմանն ուղղված ճանապարհային քարտեզի, գործիքակազմի և ժամանակացույցի մշակման ու իրագործման նպատակով:

 

Ցանկանում ենք ևս մեկ անգամ նշել, որ ՀՀ-ում իրականացվող ատելության քարոզի, դրա բոլոր հետևանքների իրավական ու քաղաքական անտրամաբանական լուծումների և դրանով պայմանավորված՝ հետագա սրացումների, լարվածության, հնարավոր բոլոր բախումների համար ամբողջ պատասխանատվությունը կրում է անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը»:

Քաղաքականություն

Պատահարներ