«Կառավարական դաչաներում» 49 մլն դրամի ջրի պարտք են կուտակել. factor.am

«Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ը, որն առավել հայտնի է «կառավարական դաչաներ» անունով, 48 միլիոն 910 հազար դրամի ջրի պարտք է կուտակել: 

 

Factor.am-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչ հանգամանքներում է այս պարտքը գոյացել: Բանն այն է, որ «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրինությունը տարիներ շարունակ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի աշխատակիցներին թույլ չի տվել մուտք գործել տարածք և գրանցել ջրաչափական սարքի փաստացի ցուցմունքը: Արդյունքում գրանցվել է այն ցուցմունքը, որը փոխանցվել է «կառավարական դաչաների» տնօրինության կողմից:

 

 Factor.am-ին հայտնի է դարձել, որ ջրաչափական սարքի ցուցմունքը նախկին ղեկավարության կողմից տրամադրված տվյալների հիման վրա գրանցելու արդյունքում 2018 թվականի մայիսի 29-ի դրությամբ կազմել է 148058 խմ, իսկ 2018-ի հունիսի 25-ին «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի աշխատակիցը փաստացի արձանագրել է 473012 խմ ցուցմունք: Այսինքն, մեկ ամսում արձանագրվել է 324954 խմ ծախս և ակնհայտ է դարձել, որ «կառավարական դաչաների» կողմից հաղորդված տվյալները չեն արտացոլել իրական ծախսը, ինչի արդյունքում տարիների ընթացքում կուտակվել է 324954 խմ ծախս: Արդյունքում կուտակված 48 միլիոն 910 հազար դրամի ջրի պարտքը վճարելու համար կառավարությունը վաղվա նիստում կորոշի պահուստային ֆոնդից վարչապետի աշխատակազմին գումար փոխանցել՝ պարտքը վճարելու համար: 

 

Հիշեցնենք, որ կառավարական ամառանոցում բնակվում են բարձրաստիճան պաշտոնատար անձիք: Այս պահի դրությամբ այնտեղ են բնակվում ՀՀ վարչապետը, ԱԺ նախագահը եւ ԱԱԾ տնօրենը: