Մանրամասներ՝ Նովոսիբիրսկում ազգությամբ հայ տղամարդու սպանության դեպքից

Նովոսիբիրսկում ազգությամբ հայ 41-ամյա Անդրանիկ Մուրադյանի սպանության վերաբերյալ Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը ներկայումս ճշտումներ է իրականացնում, ներկայացուցիչներից մեկը գնացել է այդ քաղաք, սակայն ինֆորմացիան շատ քիչ է։ Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը։

 

«Հարուցված է քրեական գործ, մոտավորապես պարզ են մարդիկ, ըստ այն տեղեկությունների, որ ստացել ենք իրավապահ մարմիններից»,- ասաց Տողանյանը։

 

Նրա խոսքերով՝ Հայաստանի ներկայացուցիչները ներկայում կապի մեջ են դատախազության և Քննչական կոմիտեի աշխատակիցների հետ։ Փաստը, որ կրակոցները եղել են հայկական համարանիշով մեքենայից, ֆիքսված է, կան նաև որոշ ցուցմունքներ, և դեսպանությունը հետևում է իրավիճակի զարգացմանը։