Լիբիայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտահերթ նիստ կգումարի

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն այսօր երեկոյան Լիբիայի հարցով արտահերթ նիստ կանցկացնի: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ֆյոդոր Ստրժիժովսկիին հղումով:

«Փակ խորհրդակցությունները կսկսվեն Նյու Յորքի ժամանակով 15:00-ին»,- ասել է ներկայացուցիչը:

Անվտանգության խորհրդի արտահերթ նիստը կապված է Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի արևելյան ծայրամասում աֆրիկացի փախստականների ապաստարանի հրթիռակոծման հետ, որի հետևանքով, Al Jazeera հեռուստաալիքի տվյալներով, 60 մարդ է զոհվել, ավելի քան հարյուրը տուժել են:

Հաստատվել է, որ օդային հարվածը հասցվել է գեներալ Խալիֆա Հաֆթարին հավատարիմ ուժերի կողմից: Վերջին երեք ամսվա ընթացքում սա Հաֆթարի զորքերի կողմից ամենաարյունալի հարձակումն է, որի նպատակն է գրավել միջազգային հանրության կողմից ճանաչված կառավարության վերահսկողության տակ գտնվող մայրաքաղաքը:

Հիշեցնենք, որ այս տարվա գարնանը Հաֆթարը հրամայել է գրոհ սկսել Տրիպոլիի դեմ՝ «այն ահաբեկիչներից ազատագրելու համար»: 
 

Քաղաքականություն

Պատահարներ