Ինչու են Թբիլիսիից Երևան և հակառակ ուղղությամբ ավիատոմսերը մի քանի անգամ թանկացել

Ընդհանրապես, ամառային սեզոնին մեր մոտ եկող բոլոր չվերթների տոմսերի գները բարձրանում են, այս անգամ` նաեւ վրացականը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Քաղավիացիայի կոմիտեի օդային փոխադրումների կարգավորման վարչության պետի տեղակալ Ստեփան Փայասլյանը։

 

«Ավիաընկերությունները տոմսերը վաճառելիս ունենում են մի քանի տիպի կատեգորիաներ, նույն էկոնոմ կլասը լինում է տարբեր կատեգորաիների, տարբեր գների։ Վրացական ավիաընկերությունը երբեւիցե չի թռել գերծանրաբեռնված, այսինքն՝ օդանավը միշտ չէ, որ լցված է եղել։ Հիմա օդանավը ոչ միայն թռնում է մաքսիմալ ծանրաբեռնված, այլ նույնիսկ չվերթները կրկնապատկվել են, առաջ թռնում էր օրական մեկ անգամ, հիմա թռնում է օրական երկու անգամ։ Ես ավիաընկերության հետ էլ եմ խոսել, բայց ինձ համար էլ էր պարզ, որ այս սեզոնին հասանելի չեն լինում այն էժան կատեգորիայի տոմսերը, որոնք կարող էին գնել նախկինում»,–նշեց նա։

 

Ստեփան Փայասլյանը շեշտեց, որ ավելի էժան տոմսերը ամռան համար մարդիկ արդեն իսկ գնել են շատ ավելի վաղ. «Ոչ թե գներն են բարձրացնում, այլ էժան կատեգորիայի տոմսերը ամռան համար գնված են, իսկ ամռանը մարդկանց բաժին է ընկնում թանկ տոմս»։

 

Նա հայտնեց, որ ավիաընկերության ներկայացուցչի հետ է խոսել, որը նշել է, որ եթե ազատ օդանավ գտնեն, այս ուղղությամբ չվերթները կարող են հաճախակիացնել։

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թբիլիսիից Երեւան եւ հակառակ ուղղությամբ ավիատոմսերը մի քանի անգամ թանկացել են։

Քաղաքականություն

Պատահարներ