Բաքուն արձագանքել է ԱՄՆ-ում զենքի վաճառքն արգելող օրինագծի ընդունմանը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից մեկնաբանել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ընդունած օրինագիծը, որով արգելվում է որոշակի զինամթերք վաճառել Ադրբեջանին, որը Բաքուն կարող է կիրառել Արցախի քաղավիացիայի դեմ:

 

«Ադրբեջանը մինչ այժմ սպառազինում ձեռք չի բերել ԱՄՆ-ից և հնարավորություն ունի առաջադեմ ռազմական տեխնիկա գնել այլ երկրներից», - «Ինտերֆաքս Ադրբեջան» գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել են Ադրբեջանի ռազմական գերատեսչությունից:

 

Երկրի ՊՆ-ում նշել են, որ Ադրբեջանի ռազմաօդային ուժերը տարատեսակ ՀՕՊ համակարգեր ունեն, որոնք ունակ են ապահովելու երկրի օդային տարածքի պաշտպանությունը և անհրաժեշտության դեպքում ակնթարթային պատասխան տալու:

 

Հիշեցնենք, որ երեկ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանության է արժանացրել կոնգրեսական Բրեդ Շերմանի ներկայացրած առաջարկը, որով արգելվում է ամերիկյան պաշտպանական որոշակի տեխնիկայի փոխանցումը Բաքվին, որը կարող է օգտագործվել ադրբեջանական կառավարության կողմից Ստեփանակերտի օդանավակայանում գործող քաղաքացիական ինքնաթիռները խոցելու համար: 

Քաղաքականություն