Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի համերգին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը այսօր՝ հուլիսի 12-ին, ներկա են եղել Ազգային Ժողովի այգում տեղի ունեցած «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի համերգին, որը նվիրված էր Կոմիտասի 150 և Տիգրան Մանսուրյանի 80-ամյակներին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։

 

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող 25 երաժշտական և արվեստի դպրոցների շուրջ 250 սաներից բաղկացած նվագախումբն ու երգչախումբը ստեղծվել են Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ:

 

Համերգի ընթացքում «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի կատարմամբ առաջին անգամ հնչել է մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի «Երևան» ստեղծագործությունը:

 

Բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործություներից կազմված համերգային ծրագրի ընթացքում հնչել են Կոմիտասի, Է. Միրզոյանի, Ղ. Սարյանի, Է. Հովհաննիսյանի, Տ. Մանսուրյանի և Ն. Զարիֆյանի ստեղծագործությունները, որոնց կատարմամբ նվագախմբի պատանի երաժիշտները առաջիկայում հանդես կգան նաև մարզերում և Արցախում:

 

Նվագախմբի գեղարվեստական ղեկավարը և դիրիժորն է Հարություն Արզումանյանը, խմբավարը՝ Լիլիթ Եդիգարյանը:


 

Քաղաքականություն

Պատահարներ