Ասֆալտապատման մեջ «կարկատան» անելու պրոցեսը պետք է վերանայել. Դավիթ Խաժակյան

Երևանի ճանապարհների ասֆալտապատման հարցում քաղաքապետարանը կարող էր նոր մոտեցում որդեգրել և նոր ստանդարտներ սահմանել, մենք ունենք որակի հետ կապված խնդիր և ունենք մոտեցման խնդիր: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: 

«Շատ փողոցների դեպքում ասֆալտապատման աշխատանքները բացասաբար եմ գնահատում: Պետք է վերանայել այդ «կարկատան» անելու պրոցեսը, ինչը չարվեց, ավելին` նույն կերպ հայտարարվեցին մրցույթները: Որքան քաղաքապետարանը թուլացնում է  հսկողությունը, այդքան ֆինանսապես շահում են անբարեխիղճ ասֆալտապատողները»,-ասաց նա և օրինակ բերեց Արշակունյաց պողոտան՝ նշելով, որ նոր ասֆալտապատումից հետո խորդուբորդներ կան: 

Անդրադառնալով Երևանում երթևեկության միջին արագությունը 60 կմ/ժամից 50 կմ/ժամ դարձնելու՝ քաղաքապետ Հայկ Մարությանի առաջարկին՝ Դավիթ Խաժակյանը այն ողջամիտ չհամարեց: Նա նշեց, որ թեև երթևեկության անվտանգությունն ամենալուրջ խնդիրն է,  բայց դա չի նշանակում, որ պետք է գնանք ոչ ողջամիտ սահմանափակումների: «Եթե մեքենաները սարքին են, ապա այդ մեքենաների համար 60 կմ ժամը մեր մայրաքաղաքի պայմաններում բոլորովին նորմալ արագություն է: Առհասարակ, կարծում եմ, որ նման դեպքերում պետք է գնանք համալիր մոտեցումներով և չհամարենք, որ եթե մի հանգամանք փոխում ենք, խնդիրը կարգավորվում է»,-ասաց նա: 

Ըստ ավագանու անդամի` կառավարությունը և քաղաքապետարանը ընկել են երկու տարբեր ծայրահեղությունների գիրկը: «Առաջին ծայրահեղությունն այն էր, որ իշխանափոխությունից հետո այն մեքենաները, որոնք շահագործվում են ճանապարհային ոստիկանության կողմից, սկսեցին շատ ավելի քիչ նկատվել, և, կարծես, հսկողությունը ճանապարհային երթևեկության նկատմամբ հասցվեց նվազագույնի: Այնուհետև տեսնելով, որ դա խնդիր է առաջացնում անցան հակառակ ծայրահեղության՝ ճանապարհային ոստիկանության «ռեյդերին»: Առհասարակ ճանապարհին երթևեկության նկատմամբ վերահսկողությունը պարբերական գործընթաց է, և այսպես խնդրից խնդիր «ռեյդեր» անելը ոչ մի լուծման չի հանգեցնելու»,-ասաց նա: 

Նա նշեց, որ կառավարությունը ծայրահեղություններից պետք է դուրս գա և ոչ զրոյացնի հսկողությունը, ոչ էլ շարունակի մարդկանց մեկ գիծ տրորելու համար տուգանելը: Դավիթ Խաժակյանն ասաց, որ կողմ է բալային համակարգին, իսկ նոր քննություններ անցկացնելուն այնքան էլ հակված չէ, քանի որ համաձայն է, որ օրինախախտ վարորդը գիտի, որ ինքը խախտում է կանոնը, բայց դիմում է այդ քայլին անպատժելիությունից ելնելով: 
 

Քաղաքականություն