Պաշտոնյան անպայման չի լինի շատ մեծահասակ մարդ, փորով, քաչալ. Ռևազյան

Ես չեմ վիրավորվել ուղղակի մի քիչ ծիծաղել եմ: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը՝ անդրադառնալով ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի իր հասցեին արված՝ «սիրուն աղջիկ» արտահայտությանը:

 

«Իմ համար կարեւոր է, որ Հայաստանում մտածելակերպի փոփոխություններ լինեն, որ մենք սովորենք, որ պաշտոնյան անպայման չի լինի շատ մեծահասակ մարդ, փորով, քաչալ: Մի քիչ սկսենք սովորել նոր կերպարին: Ես որեւէ չափանիշների չէի համապատասխանում մինչեւ քաղավիացիա ընդունվելը, որովհետեւ ես այդ անձնավորությունը չէի ու շատ դժվար էին շատերն ընդունում դա»,- ասաց Ռեւազյանը:

 

Ռեւազյանի խոսքով՝ ՀՀ նոր ավիաուղիներ բերելու ամենամեծ խոչընդոտներից մեկը ՀՀ-ում ծախսերի բարձր լինելն է:

 

«Այստեղ օրենքի փոփոխության առաջարկ ենք անելու՝ օդի փողի հետ կապված: Բարձր են ե՛ւ Զվարթնոցի սակագները, ե՛ւ օդի գինը՝ 10 հազար դրամ: Դա փոքր գումար չէ»,- նշեց Ռեւազյանը՝ հավելելով. «Ուզում ենք առաջարկել օդի փողը հանել նոր ուղղությունների համար»:

 

Ռեւազյանի խոսքով՝ «RyanAir» եւ «WizzAir» ավիաընկերությունները համաձայնություն են տվել 2020 թվականին մուտք գործել ՀՀ, եթե օրենքում օդի գնի հետ կապված առաջարկվող փոփոխությունները հանվեն եւ Զվարթնոցն էլ պատրաստ լինի նոր ուղղությունների համար իր սակագները վերանայել:

Կոմիտեի ղեկավարը նշեց, որ այս ընկերությունների կողմից ունի նաեւ գրավոր համաձայնագիր:

Քաղաքականություն

Պատահարներ