Քարաթափումից մահացածները մայր ու դուստր են. Լոռու մարզպետարանը հայտարարություն է տարածել

Լոռու մարզում տեղի ունեցած ողբերգական պատահարի առիթով Լոռու մարզպետարանը հայտարարություն է տարածել. «Խոր վշտով տեղեկացանք, որ այսօր 13:56-ին ԱԻՆ Լոռու մարզային վարչության հերթապահություն ահազանգ է ստացվել, որ Նեղոց համայնքի հարակից մայրուղում քարաթափման հետևանքով մահացել են «Գազել» մակնիշի ավտոմեքենայում գտնվող երեք ուղևորներից երկուսը: 1984 թվականին ծնված Վարդան Մկրտումյանն իր կնոջ և դստեր հետ այդ պահին գտնվել է մեքենայի ներսում: 

 

Կինը՝ Կարինեն և դուստրը՝ Լիլիան կյանքի հետ անհամատեղելի ծանր վնասվածքների հետևանքով մահացել են, իսկ Վարդան Մկրտումյանը ողնաշարի կոտրվածքի նախնական ախտորոշմամբ տեղափոխվել է Երևան: Աղետի պահին տարածքում եղել է նաև Վազ 21-04 մակնիշի ավտոմեքենա, որի մեջ, բարեբախտաբար, ուղևորներ չեն եղել: 

 

Լոռու մարզպետարանը խորապես վշտակցում է մահացածների հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթում ընտանիքի հորը՝ Վարդան Մկրտումյանին: Մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հանձնարարությամբ մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունը ձեռնարկել է բոլոր միջոցառումները՝ վնասված բնակչին բժշկական անհրաժեշտ օգնություն տրամադրելու համար»:  

Քաղաքականություն

Պատահարներ