«Խմած միլիցեքն եկել են ու բախումն սկսվել է». Իջևանում ձերբակալվածների հարազատներ

Իջևանում նախօրեին ոստիկանների եւ ճանապարհը փակած իջեւանցիների միջեւ տեղի ունեցած բախումներից հետո ձերբակալվածների հարազատները հավաքել են Իջանի մարզպետարանի դիմաց եւ պահանջում են ազատ արձակել իրենց հարազատներին:

 

Նրանցից մեկը, որի որդին եւս ոստիկանությունում է, նշեց. «Ինչ են արել, մա՞րդ են սպանել, որ բռնել են: Թող իրենց մարդասպաններին պահանջեն, իրենց մարդասպաններին դատեն: Դրանով ոչ մի բան չեն շահելու, թող մեր անմեղ երեխեքին մեզ տան:  Աշխատատեղ չկա, թող աշխատատեղ ստեղծեն, մի գործարան բացեն, ի՞նչ են ուզում: Ոսկե ձկնիկի պատմությունն է դարձել, լավ ապրել են ուզում, մեր երեխեքն էլ գոյություն են պահում, վարկերի, պարտքերի տակ: Խմած միլիցեքն եկել են ու բախումն սկսվել է»:

 

Մեկ այլ կին ասաց, որ ոստիկանները եկել էին ճանապարհը բացելու համար, բայց իրենց պատգամավոր Վահե Ղալումյանն ասել է՝ երեք օր միջազգային ճանապարհը չի բացվել, ինչը, ըստ նրա, ճիշտ չէ. «Մերթընդմերթ բացել ենք, որ չբացեինք էս մեքենաների վիճակը ի՞նչ կլիներ»,- ասաց կինը և նշեց, որ գիշերը եկել են և բոլորին հավաքել ու տարել:

 

«Մենք Ղալումյանին ասացինք՝ ուզում ենք օրինական փաստաթուղթ ունենան, օրինական հանեն փայտանյութը, բայց հասցրել են Օսիպյանին այնպես, որ մարդիկ ուզում են նագլի ձեւով մտնեն անտառ ու անտառահատում անեն:

 

15-ամյա մի տղա պատմեց, որ 5 հոգով ուզեցել են իրեն էլ բերման ենթարկել. «Զախվատ են արել, ուսս կոտրում էին, զոռով են ժողովուրդը ազատել: Մենք նենց ենք արել, որ մեր ժողովրդին չտանեն»:

 

Հավաքվածները պնդում են, որ ոստիկանները քաղաքացիական շորերով մտել են ժողովրդի մեջ ու բախում են հրահրել. «Նրանք բենզինի վրա կրակ են լցրել:  Դրսից եկած ոստիկանները քաշքշել են, խփել են, ձեռքերն օլորելով տարել են: Մենք փաստեր ունենք, որ ոստիկաններն են հարձակվել ժողովրդի վրա: Մենք այդ փաստերը հավաքում ենք, որ ներկայացնենք դատախազություն, մարզպետարան, թող նայեն: Հիմա էլ զորք են բերել Իջեւան»:

 

Կանանցից մեկը հայտարարեց, որ անտառը պատկանում է նրան, ով այդտեղ ապրում է. «Մեր պահանջն է, որ ոնց տարել են մեր երեխեքին, այդպես էլ բաց թողնեն: Քարով խփողները ոստիկաններն են եղել քաղաքացիական հագուստով: Ովքեր նկարահանել են ոստիկանների այդ արաքը, հենց այդ տղաներն են ոստիկանությունում իրենց հեռախոսներով»:

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 17-ին երեկոյան Իջեւանում անտառահատումների պահանջով ճանապարհը փակած ցուցարարներին ոստիկանության ծառայողները փորձել են հեռացնել ճանապարհի երթեւեկելի հատվածից, ինչի ընթացքում բախում է եղել եւ ոստիկանության ծառայողներ ու քաղաքացիներ են վիրավորվել: 

Դեպքի առթիվ հարուցվել է քրգործ, կա 13 ձերբակալված:

Քաղաքականություն

Պատահարներ