ՄԻՊ-ի ևս մեկ աշխատանքային խումբ ոստիկանությունում է՝ տեսակցելու բերման ենթարկվածներին

Երեկ Իջևանում տեղի ունեցած բախումների հետ կապված՝ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ևս մեկ աշխատանքային խումբ վաղ առավոտից գտնվում է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում: Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ գրասենյակից:

 

Այցի նպատակն է տեսակցել բերման ենթարկված և ձերբակալված քաղաքացիներին, ինչպես նաև ստուգել նրանց իրավունքների երաշխավորման հարցը:

 

Այցի արդյունքների հիման վրա կտրամադրվեն լրացուցիչ տեղեկություններ:

 

Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 17-ին երեկոյան Իջևանում անտառահատումների պահանջով ճանապարհը փակած ցուցարարների և ոստիկանության ծառայողների միջև բախումներ են տեղի ունեցել, ինչի հետևանքով ոստիկանության ծառայողներ ու քաղաքացիներ են վիրավորվել: Երեկվանից Իջևանում է գտնվում ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը և ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ:

 

Բախումների հետևանքով ոստիկանության 12 ծառայողներ են վիրավորվել և տեղափոխվել Իջևանի ԲԿ, այնուհետև ութ ոստիկան տեղափոխվել է Երևան: Մի խումբ անձանց կողմից որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է թվով 13 անձ, ևս 6 անձի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Քաղաքականություն

Պատահարներ