Սամվել Բաբայանին կդատի նոր դատավոր

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի գործն այս անգամ էլ մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանին։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից։

 

Հիշեցնենք, որ նախորդ տարվա  հունիսի 15-ին Վճռաբեկ դատարանն  ազատ էր արձակել առաջին ատյանի կողմից վեց տարվա ազատազրկման դատապարտված Սամվել Բաբայանին: Մեկ տարի երեք ամիս անազատության մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարարի խափանման միջոցը փոխվել էր  «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունների մեկ տասնյակից ավելի պատգամավորների երաշխավորագրերի հիման վրա: Մինչդեռ պաշտպանական կողմը պահանջում էր արդարացում։

 

Վճռաբեկ դատարանը միաժամանակ բեկանել էր  առաջին ատյանի վճիռն ու գործն ուղարկել  վերաքննության:

 

2017 թ նոյեմբերի 28-ին Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը դատապարտվել էր  6 տարվա ազատազրկման։ Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության  դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը նրան մեղավոր էր ճանաչել առաջադրված 2 մեղադրանքներում՝ «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր ձեռք բերելու, ինչպես նաև կեղծ փողերի շրջանառության համար։ Սամվել Բաբայանի մարտական ընկերը՝ Սանասար Գաբրիելյանը, դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման, Արմեն Պողոսյանը՝ 2, գործով մյուս ամբաստանյալները՝ Կարեն և Անդրանիկ Քոչարյանները, Դավիթ Հարությունյանը և Ժորա Զաքարյանը՝ 2 տարվա պայմանական ազատազրկման։

 

Գործը բեկանումից հետո  մակագրվել էր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանին։ 8 դատական նիստ նշանակելուց հետո, սակայն  վերջինս գործուղվել է։

 

Դատավոր Գագիկ Պողոսյանն էլ արդեն նիստի օր է նշանակել։ Գործով առաջին նիստը տեղի կունենա հուլիսի 19-ին։

Քաղաքականություն

Պատահարներ