Իմ բնակիչը բերդավանցի այն պապիկն է, որի որդուն գերի են վերցրել, իսկ նրանք իմ բնակիչները չեն․ Տավուշի մարզպետ

Երեկ մենք ընդամենը աշխատանքի 4 դիմում ենք ստացել, բայց եթե հիմա դուրս գաք՝ 40 բողոք կստանաք այդ հավաքված մարդկանցից։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը՝ անդրադառնալով իր այն հայտարարությանը, որ Տավուշի մարզում թափուր աշխատատեղեր կան։

 

«Այստեղ պայքարը անհատի եւ ազգայինի միջեւ է, պետականությունը ազգային շահի կազմակերպման բարձրագույն ձեւն է, իսկ մենք տրորում ենք մեր ազգային շահը՝ հանուն սեփականմ մասնավոր ամբիցիաների կամ հիվանդությունների։ Անտառ կտրելը մարդասպանություն է, եւ այդ մարդկանց արդարացնելու ձեւ չկա։ Իմ բնակիչը 18 տարեկան զինվորն է, որ գնում է պայքարելու, իմ բնակիչը բերդավանցի այն պապիկն է, որի որդուն գերի են վերցրել ժամանակին, եւ ինքը գնացել է ամեն ինչ արել է, որ իր տղայի դիակը բերի, իմ բնակիչն այն մարդն է, որ պետականությունը հարգելով՝ մի բառ չի արտասանում, բայց իր տղան գտնվում է Ադրբեջանում, իրենք են իմ բնակիչները, իրենք են տավուշեցին, իսկ նրանք իմ բնակիչները չեն»,- ասաց մարզպետը։

 

Չոբանյանը հայտնեց, որ երեկ ու այսօր ստացվել են առաջին դիմումները: Այս պահին իրենք ունեն 276 հաշվառված թափուր աշխատատեղ, որն առաջարկում են բնակիչներին եւ եւս մի քանի հարյուր աշխատատեղ՝  նաեւ զորամասերում: Նրա խոսքով՝ հազարից ավելի քաղաքացիների կարող են աշխատանքով ապահովել, եթե քաղաքացիները ցանկանան աշխատել։

 

Անդրադառնալով թափուր աշխատատեղերի միջին աշխատավարձին՝ մարզպետն ասաց, որ իրենց առաջարկները սկսում են ամենացածրը՝ 105 հազար դրամից. «Դա մաքուր աշխատավարձն է, դրանք ամենապարզ աշխատանքներն են, դրա մեջ մտնում են զինվորական ծառայություն, ճանապարհաշինություն եւ այլն։ 120 հազար դրամից սկսում է տեքստիլի ոլորտում աշխատանքը՝ օրական 8 հազարից 15 հազար, ճանապարհաշինության մեջ ունենք, 168 թափուր աշխատատեղ դպրոցներում ունենք»։

Քաղաքականություն

Պատահարներ