Վրաերթի ենթարկված երեխան մահացել է, փորձել են հաշվեհարդար տեսնել. մանրամասներ

Երևանում երեկ՝ հուլիսի 18-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել, հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 17։30-ից ժամը 18։00-ն ընկած ժամանակահատվածում 51-ամյա Վարդան Ե.-ն իր վարած Mercedes մակնիշի 35 AՍ 299 համարանիշի ավտոմեքենայով Երևանյան խճուղում՝ Սուրբ Հարություն եկեղեցու հարևանությամբ, հետիոտնի համար նախատեսված անցման վայրում վրաերթի է ենթարկել Երևանյան խճուղու բնակիչ՝ 13-ամյա Արփինե Գ․-ին։

 

Վրաերթի ենթարկված երեխան տեղում մահացել է։ Վարորդը փախուստի չի դիմել։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

 

Աղբյուրի տեղեկություններով՝ դեպքի վայրի հարևանությամբ բնակվող մի քանի երիտասարդներ փորձել են հաշվեհարդար տեսնել վարորդի հետ, սակայն ճանապարհային ոստիկաններին ու քննիչներին հաջողվել է վարորդին փախցնել դեպքի վայրից, իսկ զայրացած բնակիչները քարերով ավտոմեքենան ամբողջովին ջարդել են՝ թե դիմապակին, թե հետևի, և թե կողային ապակիները, ոտքերով էլ հարվածել են ավտոմեքենային։

Ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ հայտնաբերելու այն անձանց, որոնք քարերով ու ոտքերով վնասել են ավտոմեքենան։

Քաղաքականություն