ԱԻՆ–ում նշել են հայաստանյան հրդեհների գլխավոր պատճառը

Այս տարի Հայաստանում արձանագրվել է հրդեհների թվի աննախադեպ աճ։ Դրանց մեծամասնությունը պայմանավորված է մարդկային գործոնով։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է ԱԻՆ հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության բաժնի պետի տեղակալ Սերգեյ Հայրապետյանը:

 

Հիշեցնենք, որ երեկ ԱԻՆ-ը հաղորդագրություն է տարածել` նախազգուշացնելով բնակչությանը հովիտներում և նախալեռնային շրջաններում առաջիկա հինգ օրերին հրդեհների առաջացման բարձր վտանգի մասին։

 

«2019թ.-ի առաջին վեց ամիսներին 2,1 անգամ ավելի շատ հրդեհներ են արձանագրվել, քան անցած տարվա նույն շրջանում։ Ինչ վերաբերում է խոտածածկ տարածքների հրդեհներին, ապա այս տարվա առաջին կիսամյակում 4 անգամ ավելի շատ է հրդեհներ են արձանագրվել, քան 2018թ.-ի նույն շրջանում»,-հաղորդեց Հայրապետյանը՝ շարունակելով, որ այս տարվա հուլիսին հանրապետությունում արձանագրվել է ավելի քան 1200 հրդեհ։ Դրանց 75 տոկոսի դեպքում վառվել է խոտածածկույթ։ Ամռանը հրդեհների թվի աճին նպաստել է, մասնավորապես, բարձր ջերմաստիճանային ֆոնը։ Բայց հրդեհները հիմնականում պայմանավորված են մարդկային գործոնով։

 

Մեծամասամբ հրդեհի պատճառ են դառնում ծխախոտի վառվող մնացորդները։ Բռնկում կարող են առաջացնել նաև խոտի վրա թողնված ապակե շշերը, քանի որ դրանք կլանում են արևի ճառագայթները, և խոտը կարող է այրվել։ Հրդեհի տարածման պատճառ է նաև հացկերույթներից հետո թողնված աղբը։

 

ԱԻՆ պաշտոնյայի խոսքով՝ հրդեհների մեծամասնությունից կարելի էր խուսափել, եթե պատկան մարմինները հոգ տանեին, որ խոտը ժամանակին հնձվեր, տարածքը՝ ոռոգվեր։ Այնտեղ, որտեղ այդ միջոցառումները ժամանակին են անցկացվել՝ կամ ընդհանրապես հրդեհ չի եղել, կամ էլ տեղային բնույթ է կրել։

 

Ինչ վերաբերում է սահմանամերձ գյուղերում առաջացած հրդեհներին, ապա այդտեղ բարդ լանդշաֆտի և բավականաչափ տեխնիկայի բացակայության պատճառով հրդեհները հանգցնելն ավելի է բարդացել։ Հայրապետյանը նշեց, որ վերջին տարիներին շատ են եղել դեպքերը, երբ հրդեհ է առաջացել ադրբեջանական կողմից կրակոցների կամ տարածքն այրելու պատճառով։

Քաղաքականություն

Պատահարներ